Կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի բացասակա պատասխան աշխատավայր ներկայացնելու պարտադիր պահանջի և խստացված ստուգայցերի արդյունքում հոկտեմբերի կեսից հնարավոր եղավ նվազեցնել վարակվածերի ու մահերի թվերը: COVID-19-ի տարածման կանխարգելման 2021-ի աշխատանքներն արդեն ամփոփել են տեսչական մարմինները։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54147 ստուգայց, արձանագրել՝ 6103 խախտում, տուգանքի ընդհանուր չափը կազմել է 30 մլն 850 հազար դրամ։ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների տվյալներով՝ ստուգայցերի զգալի մասը կատարվել է Երևանում՝ 28610 ստուգում: Առավել շատ խախտումներ արձանագրվել են մանրամեծածախ առևտրի օբյեկտներում, հանրային տրանսպորտում:
2021-ին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոշորացույցի տակ էր հայտնվել տրանսպորտը: Իրականացվել է 12 հազար մշտադիտարկում: Կազմվել է 1335 արձանագրություն: Խիստ ստուգումներ են անցկացվել նաև մետրոպոլիտենում, կազմվել է 72 արձանագրություն: Ըստ տեսչական մարմնի դիտարկումների՝ հիմնականում արձանագրությունները կազմվել են միկրոավտոբուսների գերբեռնվածության ու դիմակ չկրելու պատճառով:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում էին հանրային սննդի օբյեկտներն ու սուպերմարկետները: Անցած տարի կատարվել է 23224 ստուգայց, կազմվել 498 արձանագրություն: Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 24 միլիոն 550 հազար դրամ: Պատվաստված լինելու կամ պարտադիր ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջի ուժի մեջ մտնելուց հետո 100 արձանագրություն է կազմվել և, փաստաթղթերի չներկայացման հիմքով 10 միլիոն 650 հազար դրամի տուգանք է նշանակվել: Խախտումների հիմնական մասն արձանագրվել է սուպերմարկետներում: Ամանորից հետո տեսչական մարմինները վերսկսել են խստացված ստուգայցերը։
Կորոնավարակի կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների դեպքում տնտեսվարողը վարչական պատասխանատվության է ենթարկվում՝ նախազգուշացում կամ տուգանք՝ 100-300 հազար, իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: