ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում հայ զինծառայողների տեղափոխումը Ղազախստան՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից։ Զինծառայողներին «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստանի Ալմաթիի օդանավակայան են տեղափոխել ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով: ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումն սկսել է առաջադրանքների կատարումը: Նրանք իրականացնելու են պետական և ռազմավարական նշանակության շենքերի և կառույցների պահպանությունը:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանով՝ Ազամատ Աբդիմոմունովն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։ Պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը։
Ավելի վաղ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հեռախոսազրույցը: Ղազախստանի նախագահը ռուս գործընկերոջը տեղեկացրել է, որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների տեսակոնֆերանս անցկացնել, Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել առաջարկին: Պուտինը Ղազախստանում տիրող իրավիճակը քննարկել է նաև Բելառուսի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ: Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը, որպես կառույցի նախագահող երկիր, կկազմակերպի ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը:
Հանրապետությունում վերականգնվել է մարդատար գնացքների աշխատանքը։ Մանգիստաուի շրջանում սկսել է գործել հասարակական տրանսպորտը, ինչպես նաև Աքթաուի միջազգային օդանավակայանը:
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է երկրում լցակայանների աշխատանքի աստիճանական վերսկսման մասին։ Փոխանցվում է նաև, որ կայունացել է վառելիքի, քսանյութերի և հեղուկ գազի մատակարարման գործընթացը։ Նավթավերամշակման գործարաններն աշխատում են բնականոն ռեժիմով։
Կոստանայի մարզում բերման է ենթարկվել հանրային կարգը խախտած մոտ 700 մարդ։ Ոստիկանությունը նաև հետաքննում է պետական հաստատությունների վրա հարձակումները․ «Ներկայում իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է»,- հայտնել են տեղական իշխանությունները։
Ալմաթիի քաղաքային իշխանությունների փոխանցմամբ՝ առաջիկայում կբացվեն մի շարք խոշոր առևտրի կենտրոններ և կետեր․ քաղաքում անցկացվում է ահաբեկչության հետևանքով պատճառված վնասի նախնական գնահատում։
Ալմաթիի վարչակազմի ղեկավար Բակիտժան Սագինտաևը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում հանձնարարել է կարգի բերել ավազակային խմբերի գործողություններից տուժած տարածքները, ինչպես նաև կարգավորել սննդի մատակարարման և պարենային անվտանգության հետ կապված իրավիճակը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է հունվարի 10-ը համազգային սգո օր հայտարարել՝ ի հիշատակ երկրում անկարգությունների հետևանքով զոհվածների: