Հայաստանում ամենաարագ զարգացող մեսենջերը Տելեգրամն է. SimilarWeb վերլուծական կենտրոնի ուսումնասիրության տվյալն է: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը պատճառներից մեկը համարում է վերջին շրջանում Ֆեյսբուքի կիրառած որոշ սահմանափակումները, մասնավորապես, քաղաքական բովանդակության տարածման արգելքն ու փաստերի ստուգումը, կեղծ տեղեկատվության արգելափակումը:
Արթուր Պապյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Այս տարի էլ՝ Հայաստանում ընտրություններից առաջ, մենք տեսանք, որ երրորդ կողմի փաստեր ստուգողների միջոցով որոշակի քոնթենտ Ֆեյսբուքից հեռացնում էր, այս ամենը հաշվի առնելով՝ Տելեգրամը սրանց ֆոնին իր՝ եթե ոչ ազատությամբ, ապա նույնիսկ սանձարձակությամբ աչքի է ընկնում, այնտեղ ամեն ինչ կարելի է: Դրա համար էլ այն մարդիկ, ովքեր ուզում են միանգամից աղբյուրից քոնթենտ ստանալ, շատ հաճախ ձգտում են Տելեգրամի նման հարթակներ:
Տելեգրամի օգտատերերի կտրուկ աճը Հայաստանում սկսվել է 2018 թվականից: Մասնագետն ընդգծում է՝ դրան նպաստել են նաև լրատվամիջոցները, որոնք շատ արագ սկսեցին նաև այս հարթակում դիրքավորվել:
Արթուր Պապյան - Այդ ժամանակ նույնիսկ տվյալներ հրապարակվեցին, որ Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածը պարբերաբար Տելեգրամն էր լինում: Դա առաջնահերթ կապված էր այն բանի հետո, որ Տելեգրամը փորձում է նաև որպես լրատվական հարթակ աշխատել, տալիս է շատ լավ հնարավորություն կայքերի տերերին, ադմինիստրատորներին, բլոգերներին իրենց քոնթենտը տարածելու, և, փոխադարձաբար էլ, այդ մարդիկ բերում են իրենց լսարանին դեպի Տելեգրամ հարթակ:
Տելեգրամն արդեն ոչ միայն բովանդակություն սպառող, այլև թելադրող է: Հատկապես ընտրությունների ընթացքում քիչ չէին տելեգրամյան ալիքները, որոնք սկանդալային գրառումներ էին անում տարբեր թեկնածուների վերաբերյալ, իսկ այդ տեղեկատվությունը կարճ ժամանակ անց տեղափոխվում էր այլ հարթակներ, լրատվամիջոցներ: Այդուամենայնիվ, քաղաքացիների պնդմամբ՝ միայն քաղաքական քննարկումները չեն, որ իրենց տանում են Տելեգրամ:
Տելեգրամի ազատությունը երբեմն կարող է օգտագործվել ոչ այնքան բարի նպատակով՝ նկատում է տեղեկատվական անվտանգության փորձագետը: Հայտնի են նաև խարդախության դեպքեր: Օրինակներից մեկը Հայաստանում ավտոմեքենաների պետհամարանիշների գողության և Տելեգրամով դրանց վերադարձի գումար շորթելն է:
Արթուր Պապյան - Տելեգրամը շատ են օգտագործում նույնիսկ կիբեռհանցագործները, որովհետև այնտեղ ցենզուրա չկա, խմբերի ադմիններին թաքցնում է Տելեգրամը, շատ դժկամությամբ է պատասխանում քոնթենտ հեռացնելու բողոքարկումներին:
Տելեգրամից ամբողջ աշխարհում օգտվում է 50 միլիոնից ավելի անձ: Ի տարբերություն Հայաստանի, աշխարհում ամենաարագ աճող օգտատերերի թիվն ունի Վոթսափը: Հավելվածից ակտիվ օգտվում է 2.5 միլիարդ մարդ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան