Գավառի Մնացական Բունիաթյանի անվան դպրոցի ամեն անկյունն անգիր իմացող տնօրեն Վլադիմիր Սարգսյանն է ներկայացնում կրթօջախի խնդիրները: Սա այն 23 դպրոցից մեկն է, որի ճաշարանը վերանորոգվում է Կառավարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործակցության շնորհիվ:
Յուրա Մուշեղյան (Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ) - Ընտրվեց 22 դպրոցը, որտեղ այդ դպրոցներում հնարավորություն չկար իրենց կամ այլ միջոցներով կառուցելու, կոպիտ ասած՝ ամենավատ վիճակում են: Պետական բյուջեն է ֆինանսավորում տարրական դասարանների երեխաների համար սնունդ ձեռք բերելը, բայց այդ 22 դպրոցի պայմանները չէին բավարարում:
Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների վերանորոգման համար Հայաստանի Կառավարությունը 220 մլն 582 հազար դրամ է հատկացրել: Եվս 24 մլն 714 դրամ հատկացվել է ճաշարանների գույքային վերազինման համար:
Սաթենիկ Մկրտչյան («Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ղեկավար) - Պարենի համաշխարհային ծրագիրն իր վրա վերցրեց Գեղարքունիքի մարզի փաթեթների բաժանման ծախսերը, որով հնարավորություն առաջացավ միջոցներ խնայել: Համատեղ որոշվեց խնայված միջոցներով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի շրջանակում տարրական դասարանների երեխաները հաշվարկված ու բալանսավորված ճաշացանկով մեկանգամյա տաք ուտելիք են ստանում, վաղուց է գործում, սակայն մի շարք դպրոցներում շենքային պայմանները թույլ չէին տալիս իրագործել ծրագիրը: Օրինակ՝ Գավառի այս դպրոցը շահագործման է հանձնվել 1986-87 թվականներին ու մինչև օրս չի վերանորոգվել:
Վլադիմիր Սարգսյան (Գավառի Մնացական Բունիաթյանի անվան դպրոցի տնօրեն) - Կարելի է ասել՝ եղել է անմխիթար վիճակում, էստեղ էլ է երևում, որ երեխաներըի համար շատ դժվար է եղել, քանի որ չի ջեռուցվել, ստիպված այստեղ կառուցել են, տաքացրել:
Տնօրենը ուրախությամբ ներկայացնում է, թե վերանորոգումից հետո աշակերտներն ինչ պայմաններում են սնվելու: Լինելու են նաև առանձին պահեստ, հանգստի սենյակ, սանհանգույց և նույնիսկ բաղնիք: Այս կրթօջախի պես Գեղարքունիքի ևս 21 դպրոցում էլ շինարարական աշխատանքներ են ընթանում: Սա ճաշարանի հին գույքն է, իսկ նորը...
Վլադիմիր Սարգսյան - Սառնարան է, ունենք դարակաշարեր, սրա հետևում՝ խմոր հունցելու սարքը:
23 դպրոցի ճաշարանների վերանորոգումը, տարրական դասարանների երեխաների՝ դպրոցում տաք սնունդ ստանալու հնարավորությունը պետություն-միջազգային կազմակերպություններ-քաղաքացիական հասարակություն գործակցության լավ օրինակներից է՝ նկատում է Սաթենիկ Մկրտչյանը:
Սաթենիկ Մկրտչյան - Այս պահին, կարելի է ասել, որ ՀՀ յոթ մարզում ամբողջովին անցել է կառավարության ֆինանսավորմանը, Լոռու մարզում ընթացիկ աշխատանքներ են տարվում, հերթում են Արմավիրի ու Կոտայքի մարզերը:
Շինարարական աշխատանքները Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարաններում կավարտվեն այս տարվա առաջին եռամսյակում:
Հեղինակ՝ Անի Օհանյան