ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Լարված իրավիճակը Ղազախստանում պահպանվում է: Երկրում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները: Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 4400 մարդու։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ամենամեծ թվով ձերբակալությունները գրանցվել են Ալմաթիում, որտեղ ճնշվել է ավելի քան 100 մարդու գործունեություն։
Հունվարի 7-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել էր քաղաքացիներին՝ զգուշացնելով, որ զինվորականներին հրաման է տրվել «կրակ բացել՝ առանց նախազգուշացման»: Նա հայտարարել է նաև, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող լինել, նրանք պետք է ոչնչացվեն։ Պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը։
Ղազախստանի մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալությունը հեղուկ գազի գնի սահմանման հետ կապված դավադրության հատկանիշներով հետաքննություն է սկսել հեղուկացված նավթային գազի 180 մանրածախ վաճառողի նկատմամբ։
«Երկրում հակաահաբեկչական գործողությունների ֆոնին սահմանափակ է ինտերնետի հասանելիությունը»,- հայտարարել է հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Բաղդատ Մուսինը: Նա հավելել է, որ Ղազախստանի իշխանությունները հունվարի 8-ին կմշակեն արտակարգ իրավիճակում քաղաքացիների՝ կենսական նշանակություն ունեցող էլեկտրոնային ռեսուրսների հասանելիության տարբերակներ։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ օդադեսանտային ուժերի Ուլյանովսկի միավորումները և ռուս խաղաղապահ զորախմբի օդադեսանտային ուժերի 45-րդ հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները տեղափոխվել են Ղազախստան։ Բելառուսի խաղաղապահ ուժերը Ղազախստանում սկսել են Ղազախստանի ռազմական որոշ կարևոր ենթակառուցվածքների պահպանությունը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ղազախստանում լարվածության սրման ֆոնին մի շարք միջազգային կազմակերպություններ հանդես են գալիս զսպվածության կոչերով․ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անօրինական որակելով զինվորականներին տրված՝ առանց զգուշացման կրակ բացելու հրամանը: «Այն հակասում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ղազախստանի միջազգային իրավական պարտավորություններին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
ՄԱԿ-ը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել՝ ընդգծելով, որ բռնությունն ու սպանություններն անընդունելի են։ «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Ղազախստանում տիրող իրավիճակին․ բռնությունները հարկավոր է դադարեցնել, ցուցարարները պետք է իրենց գործողություններն իրականացնեն խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Մարդու իրավունքների պաշտպանության կոչով է հանդես եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Մենք մտահոգված ենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով․ անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը»,- ընդգծել է նա։
Ղազախստանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել նաև պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները փորձում է հասկանալ՝ ինչու են Ղազախստանի իշխանությունները երկրում անկարգությունները ճնշելու համար օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից․ «Մենք հարցեր ունենք այդ խնդրանքի բնույթի վերաբերյալ, փորձում ենք այդ մասով ավելի շատ տեղեկություններ ստանալ։ Ղազախստանի իշխանությունները, անշուշտ, ունեն բողոքի ակցիաներն ինքնուրույն կարգավորելու ներուժ»,- նշել է նա։ Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ը վերահսկելու է ՀԱՊԿ ուժերի գործողությունները։