Փարաքարի մշակույթի պալատը նորից շրջափակված էր: Ներսում ավագանին էր նիստ գումարում, դրսում բնակիչներն էին՝ սատարելու իրենց ֆավորիտ կուսակցություններին: Օրակարգում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության հարցն էր: Նիստը սկսվեց ժամը 10-ին: Սկսելու պահին 21 հոգանոց կազմից ներկա էր 11-ը՝ կոալիցիա կազմած «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը»: Նիստը վարելու իրավունքը տրվեց դաշինքի ամենատարեց անդամին:
Էմին Երիցյան (Փարաքար համայնքի ավագանու անդամ, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինք) - Էս պահին երկու հանգամանք կա. առաջին՝ նիստը ժամանակին բացվել է և ընթացքի մեջ է համարվում, երկրորդ՝ քվորումն ապահովված է՝ 21-ից 20-ը ստորագրությամբ հաստատել է մասնակցությունը, հիմա էլ ներկա են:
Րոպեներ անց ուշացած դահլիճ մտավ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու 10 հոգանոց թիմն ու առարկեց՝ նիստն իրավազոր չէ, քանի որ այն պետք է վարեր ոչ թե դաշինքի, այլ ավագանու ամենատարեց անդամը՝ Էմմա Թորոսյանը՝ իրենց խմբակցությունից:
Հովհաննես Մխիթարյան (Փարաքար համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր» կուսակցություն) - Մենք չենք ուշացել, բոլորս այստեղ ենք եղել, նիստը վարողը՝ տարիքով մեծը, դրսում է եղել, խոչընդոտել են, Գոռը դուռը փակել է, այդ կինը չի կարողացել ներս մտնել:
Գոռ Սարիբեկյան (Փարաքար համայնքի ավագանու անդամ, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինք) - Նման բան չի եղել, խոչընդոտելու ոչ մի միտում չենք ունեցել: Ըստ նախկին քվեարկության, ՔՊ-ն քվեարկել է մեր օգտին: Եթե գիտենք, որ 11 հոգին քվեարկելու է մեր թեկնածուի օգտին, ինչի պետք է խոչընդոտեինք:
«Դավիթ Մինասյան» դաշինքի անդամները պնդում են՝ նիստն իրավազոր է, քանի որ մեծամասնությունը ներկա է եղել: Իսկ վարման իրավունքը տրվել է դաշինքի ամենատարեցին. ըստ ՏԻՄ մասին օրենքի՝ այդ իրավունքը վերապահվում է տվյալ պահի՛ն նիստին մասնակցող տարեցին: «Ապրելու երկիր» խմբակցության պնդումը, թե իրենց արգելել են դահլիճ մտնել, որպես խախտում, քարտուղարությունում չի արձանագրվել:
Հարց - Արձանագրություն կազմե՞լ են, որ ձեզ արգելել են, թույլ չեն տվել մտնել ներս:
Էմմա Թորոսյան (Փարաքար համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր», կուսակցություն) - Ոչ, խմբակցությունը թող որոշի: Ես անհատապես չեմ կարող:
Կողմերն առայժմ իրար են մեղադրում՝ երկրորդելով նիստի օրակարգի միակ հարցը՝ համայնքի ղեկավարի ընտրությունը: Օրվա վերջում որոշեցին եռակողմ կառավարման փաստաթուղթ քննարկել, թե կոնկրետ ինչ է դա նշանակում, դեռ իրենք էլ չգիտեն: Չկայացած նիստերի տրամաբանությամբ՝ խոշորացված համայնքում նոր ընտրությունը չեն բացառում: