Ամանորի տոնական ու նախատոնական օրերին Երևանի շտապ բուժօգնության ծառայությունը սպասարկել է օրական միջինը 900 կանչ: Դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը ստացված կանչերի ընդհանուր թիվը 5759 է: Դա 603-ով ավելի է, քան եղել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Թագուհի Ստեփանյան, Երևանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն - Մանկական կանչերի թիվը եղել է 623, որը 401 կանչով ավելին է, քան անցյալ տարի: Պետք է ասեմ, որ ավել ենք սպասարկել սուր շնչառական հիվանդություններով տառապող հիվանդներին, դա կազմել է 786 հիվանդով ավելի, քան անցյալ տարի, որովհետև հիմա մի փոքր ավելի բարձր է, անկախ Քովիդի առկայությունից, նաև սուր շնչառական հիվանդությունների թիվը:
Թագուհի Ստեփանյանը նկատում է՝ նախորդ տարի, երբ բնակչությունը Քովիդի պատճառով բժշկական դիմակներն ավելի կանոնավոր էր կրում, դրանք էապես պաշտպանում էին նաև սուր շնչառական վարակներից: Ամեն դեպքում, այս տարի էլ, ինչպես միշտ, կանչերի ամենամեծ մասը սիրտ-անոթային հիվանդությունների հետ են կապվում:
Օրական միջինը 900 կանչ սպասարկելը, ըստ Թագուհի Ստեփանյանի, հատուկ է նաև տարվա մնացած օրերին: Ծառայության ղեկավարը դա արտակարգ պայմաններում աշխատանք է համարում և հայցում այն մարդկանց ներողամտությունը, որոնք դժվարությամբ են կարողանում կապ հաստատել: Այդպիսի դեպքերի համար Ստեփանյանը հիշեցնում է ծառայության երկրորդ հեռախոսահամարը:
Թագուհի Ստեփանյան - Շատ հաճախ լինում են զանգեր, որ չեն կարողանում միանալ 1-03-ին՝ համարելով, որ ծառայությունը երևի թե վատ է աշխատում, և հեռախոսազանգերին չեն պատասխանում, բայց ուզում եմ օգտվելով առիթից՝ նաև ասել, որ ոչ թե չեն աշխատում, այլ ուղղակի զանգերի թիվն այնքան մեծ է, որ ուղղակի մարդիկ չեն հասցնում կանչերը գրանցել: Այնպես որ միշտ ներկայացրել ենք, որ բացի 1-03 ծառայության հեռախոսահամարից, մենք ունենք 53-66-51 հեռախոսահամարը:
Բայց չնայած դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը սպասարկված կանչերն ավելի շատ են, քան եղել է նախորդ նույն ժամանակահատվածում, նվազել է հոսպիտալացվածների թիվը: Հիվանդանոց է տեղափոխվել 76-ով պակաս մարդ: Ի դեպ, օրական սպասարկվող 900 կանչից հոսպիտալացմամբ է ավարտվում միջինը 150-ը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան