Սիգի արգելված որսաշրջանում խստացված հսկողություն է սահմանվել ոչ միայն Սևանա լճի վրա, այլև Երևան-Սևան մայրուղու ուղղությամբ: Մի քանի հսկիչ կետեր են տեղադրվել նաև Սևանից այլ ուղղություններով գնացող ճանապարհներին: Վերահսկողություն է սահմանվել նաև շուկաների տարածքներում:
Վաղարշակ Ամիրխանյան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետի տեղակալ - Ամբողջ հանրապետությունով մեկ է: Տարածքային մեր բաժինները տարբեր շուկաներում արձանագրել են նաև բազմաթիվ իրավախախտումներ, կազմվել են արձանագրություններ:
Դեկտեմբերի 20-ից Շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանված՝ փակ որսաշրջանի ժամկետը կավարտվի հունվարի 15-ին: Արգելքի սահմանումից մինչև օրս, ամենօրյա ռեժիմով, Սևանա լիճը հսկում են նավերով: Դեռ ձկնորսական ցանցեր են դուրս բերում: Դրանք ոչ թե այս օրերին են գցված լիճ, այլ անցած որսաշրջանից են մնացել:
Ջկնորսների ցանցերում են հայտնվում 400-ից մինչև անգամ 700 գրամ քաշով ձկներ: Ցանցերն այնքան մանր են, որ դրանցում հայտնված ձուկն անմիջապես վնասվում է, և լիճ վերադարձնելու ենթակա չէ:
Պողոս Մարտիրոսյան, «Սևան» ազգային պարկի արագ արձագանքնման խմբի ղեկավար - Դեռևս կան անբարեխիղճ ձկնորսներ, որոնք ժամանակին դուրս չեն բերել իրենց ցանցերը՝ պատճառաբանելով ալեկոծությունը և այլն:
Ցանցերը լճից դուրս բերելու համար դեկտեմբերի 20-25-ը ձկնորսներին ժամանակ էր տրվել: Ցանցերն առավել հաճախ են հանդիպում լճի՝ Նորատուսի ու Ծովագյուղի հատվածներում՝ ասում է արագ արձագանքման խմբի ղեկավարը: Մի ամբողջ օր աշխատելու դեպքում երկու տարածքից 57 ցանց են դուրս բերել: Դեկտեմբերի 20-ից մինչև օրս՝ 76-ը: Լիճը հաճախ փոթորկուն է լինում, որի պայմաններում աշխատելն անհնար է դառնում:
Արման Աբելյան, Սևան ազգային պարկի տնօրեն - Առգրավվել է 955 հատ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, Սևան առողջության վերականգնողական կենտրոնին և Վարդենիսի հոգեբուժական վերականգնողական կենտրիոնին: Դուրս են բերվել շուրջ 220 լողամիջոցներ ամբողջ տարածքներից:
Որոշ մասնագիտական կարծիքների համաձայն՝ տաք ջերմաստիճանով պայմանավորված՝ սիգի ձվադրումը դեռ շարունակվում է: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնը վերջնական արդյունքները կհրապարակի մի քանի օրից: Չի բացառվում, որ ձկան որսի արգելքի ժամկետը երկարաձգվի: