Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները հինգշաբթի կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և անհրաժեշտ են համարել Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարումը։ Այդ մասին ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԳԴՀ Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը՝ հաղորդում է ТАСС-ը։
«Բանակցությունների կենտրոնում Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն էր և Մինսկի պայմանավորվածությունների կատարումը: Մասնակիցները միակարծիք են, որ անհրաժեշտ է նորմանդական ձևաչափով շարունակել բանակցությունները՝ մինսկյան պայմանավորվածություններն ամբողջությամբ իրականացնելու համար»,- ասել է Հոֆմանը՝ նշելով Գերմանիայի «հատուկ պատասխանատվությունն» այս ձևաչափում։