Հանրապետության դեգրադացված հողերը պիտանի դարձնելու համար կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնում նոր հետազոտություն են սկսել: Ուսումնասիրում են Արարատյան դաշտի հողերի աղակալության աստիճանը, գնահատում դեգրադացվածությունը:
Կարեն Ղազարյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ) - Խնդիրն ավելի արդիական է կապույտով նշված շրջաններում, որը գտնվում է Մասիսի և Էջմիածնի տարածաշրջանում, ներքևում Արարատի տարածաշրջանն է ...բերում է երկրորդային աղակալման զարգացմանը:
Արարատյան դաշտում բնակլիմայական բոլոր պայմանները կան հողերի աղակալման համար: Գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերներն էլ իրենց հերթին են նպաստում այդ գործընթացին: Խախտելով ոռոգման նորմաները՝ խորացնում են աղակալման պրոցեսը:
Հրանտ Խաչատրյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ) - Լինում են դեպքեր, երբ ջուրը երեկոյան կապում է, առավոտյան գալիս, փակում է, և ոչ մի վերահսկություն չի լինում ջրի նկատմամբ, ինչը կարող է հեշտությամբ նպաստել հողերի երկրորդային աղակալվածության սրմանը:
Արարատյան դաշտի հողերի աղակալման խնդիրն ուսումնասիրելու համար 7 հոգանոց թիմ է աշխատում: ԵՊՀ-ի մասնագետներին միացել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսը: Լաբորատորիայում նորարար մեթոդներով իրավիճակը կգնահատեն ու լուծումներ կառաջարկեն: Կուսումնասիրեն ստորերկրյա տարբեր խորությունների, արտեզյան, գրունտային տարբեր հորիզոնների ջրերի քիմիական բաղադրությունը, նաև թեմատիկ քարտեզներ կպատրաստեն ու կտրամադրեն տեղական ինքնակառավարման մարմիններին ու Կառավարության ներկայացուցիչներին:
Կարեն Ղազարյան - Մեր հետազոտությունների հիման վրա նաև ուսումնասիրվելու են տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր, որոնք պետք է գնահատենք. դիմացկունության աստիճանը հողերի աղակալության հանդեպ, ֆերմերներին առաջարկելով այն մշակաբույսերը, որոնք առավել դիմացկուն են նշված աղակալված հողատարածքներում աճելուն և կարող են բերքատվություն ապահովել:
Մեր երկրում աղակալած հողերը մոտ 30 000 հեկտարի են հասնում, որոնց մի մասն ընդհանրապես չի մշակվում: Տվյալները նոր չեն: Ծրագրի շրջանակում նաև մոնիթորինգ կանեն, թվերը կճշգրտեն:
Հրանտ Խաչատրյան - Մեր սակավահող երկրում եղած հողային ֆոնդի ոչ արդյունավետ ռացիոնալ օգտագործումը անթույլատրելի է մեր ժամանակներում, որտեղ ունենք պարենային անվտանգության խնդիր, որտեղ գյուղմթերքով ապահովելու խնդիր ունենք:
Պետական դրամաշնորհով ուսումնասիրությունը 5 տարի կտևի: Այդ ընթացքում նոր լաբորատոր սարքեր կգնեն, միջազգային գործընկերոջ՝ Ռուսաստանի հարավային դաշնային համալսարանի մասնագետնի հետ կգործակցեն: Աղակալած հողերն արդյունավետ դարձնելուց բացի՝ նաև փորձելու են բարձրացնել այդ հողերում մշակվող բույսերի բերքատվությունը: