Տարին նորությամբ է սկսվել մարզային և երկրից դուրս ուղևորափոխադրումներ կազմակերպողների համար։ Նրանցից գանձվող 100 հազար դրամ տարեկան տուրքը հունվարի 1-ից դարձել է սպասարկման իրավունքի մեկանգամյա պետական տուրք։ Անունը փոխելուց ավելի կարևոր է այն, որ գումարը տվյալ տնտեսվարողները վճարելու են արդեն ոչ թե ամեն տարի, այլ՝ մեկ անգամ՝ 10 տարվա համար՝ պարզաբանում է ոլորտը համակարգող՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը։
Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար) - Կանոնավոր ուղևորափոխադրումները՝ թե՛ միջպետական, թե՛ ներպետական հաղորդակցություններում այսուհետ վճարելու են տարեկան պետական տուրք՝ 100 հազար դրամ. մեկ անգամ կվճարեն և էլ չեն վճարի։
Երևանից դեպի Վանաձոր կլինի թե Թեհրան կամ Կրասնոդար՝ արդեն իսկ ուղևորափոխադրում իրականացնող մոտ 150 կազմակերպություն, փաստորեն, կշահի նախորդ տարվա վճարումից հետո՝ հիմա որևէ գումար չտալով։ Մրցույթով գիծ մտնող նոր ընկերություններն էլ նույն 100 հազար դրամի դիմաց կստանան միանգամից 10 տարի ծառայություն մատուցելու իրավունք։ Ուժի մեջ է մնում փոխադրողներից ավտոբուս-միկրոավտոբուսի ամեն նստատեղի համար գանձվող 1600-2300 դրամը։
Արմեն Սիմոնյան - Հիմա մենք փաստացի ունենք 2 տուրք, որը մեկը 100 հազարն է, որ այսուհետ տարեկան մեկ անգամ կվճարվի, և տուրքն է, որ գանձվում է ըստ նստատեղերի թվի:
Ավտոմոբիլային ուղևորափոխադրման հարկման մեխանիզմը Հայաստանում սկզբունքորեն կվերանայվի, երբ միասնական տոմսային համակարգի ներդրմամբ շուկան դուրս գա ստվերից։ Ինչ մնում է բեռնափոխադրումներին՝ այստեղ երկիրը նախատեսում է ֆուռերի համար այժմ գործող 15 օրվա հաշվով 100-150 հազար դրամից անցնել «ըստ քշած կիլոմետրերի» գանձման, որ չստացվի, օրինակ, որ կես ճանապարհից հետ դարձող իրանական բեռնատարը նույն գումարն է վճարում, ինչ տարանցիկ երթուղով Բագրատաշենից Մեղրի գնացող բուլղարացի վարորդը։
Նոր կարգավորումների օրենսդրական փաթեթը Կառավարության ներքին քննարկում-լրամշակումների փուլում է։ Զուգահեռ պլանավորվում է բեռնափոխադրող բոլոր՝ նաև հայկական մեքենաների քաշից մինչև անցած տարածությունը չափելու համար՝ հիմնական երթուղիներում սքանավորման հատուկ տեխնիկայի տեղադրման հարցը։
Արմեն Սիմոնյան - Ենթադրում է նախնական հաշվարկով 16-20 մլն դոլարի չափով ներդրում, որը մենք նախատեսում ենք իրականացնել մասնավորի միջոցներով: Կհայտարարվի մրցույթ ներդրվող համակարգի համար, իսկ պետությունը կպարտավորվի այդ ընկերությանը տալ համակարգը կառավարելու իրավունքը:
Ըստ Սիմոնյանի՝ ծանրաքարշ մեքենաներին հետևող նոր սարքերը ճանապարհներին կհայտնվեն ոչ շուտ, քան մեկ տարուց։ Բայց որ կհայտնվեն՝ հաստատ է․ օտարերկրյա և հայկական բեռնափոխադրողներին հավասար պայմաններ ստեղծել՝ Հայաստանը ստանձնել է Եվրամիության ՍԵՊԱ-համաձայնագրով։