Հունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք է առգրավվել: Բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արալեզ գյուղի 62-ամյա մի բնակիչ իր մոտ, նաև՝ մեքենայում, ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Նույն օրը՝ ժամը 14.30-ի սահմաններում, կասկածվողը Տափերական գյուղից, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով:
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ տարիներ առաջ ատրճանակը ձեռք էր բերել արտերկրում ու հետը բերել Հայաստան: Ավելի ուշ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդն իր տան հյուրասենյակի բազմոցի միջից ներկայացրեց 9 մմ տ/չ 328 փամփուշտ:
Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են։