ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին պաշտոնապես նամակ է ուղարկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասից, որում նա տեղեկացնում է Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողության իրականացման մասին՝ գրում է РИА Новости-ն։
Նամակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին է հանձնել Հայաստանի մշտական ներկայացուցչությունը: Հայաստանն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի ստորագրությամբ փաստաթղթում տեղեկացվում է, որ կազմակերպության զորքի մուտքը Ղազախստան օրինական է: «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգը և ղեկավարվելով Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածներով, որոշում է կայացրել ՀԱՊԿ զորքերի ուժերով և միջոցներով խաղաղապահ գործողություն իրականացնել Ղազախստանի Հանրապետության տարածքում»,- գրված է նամակում։
Փաստաթղթով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատասխանում է ԱՄՆ մտահոգությանը Ղազախստան զորք մտցնելու հարցով: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հարցեր» ունի Ղազախստան ՀԱՊԿ-ի խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ դրանք ծագել են, քանի որ, ըստ ամերիկյան կողմի, Ղազախստանն ունի սեփական ռեսուրսները։ Փրայսը նշել է, որ այդ երկրի կառավարությունը նախկինում լավ պաշտպանված է եղել, այժմ էլ պաշտպանված է։
Բացի դրանից՝ Պետդեպարտամենտի խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և ամբողջ աշխարհն ուշադիր հետևելու են Ղազախստանում մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաև ցանկացած գործողության, որը կարող է նպաստել տարբեր հաստատությունների գրավմանը:
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չգիտի, թե արդյոք Ղազախստանի իշխանությունների՝ երկրում ՀԱՊԿ ուժեր տեղակայելու խնդրանքն օրինական է։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ որոշ ներկայացուցիչներ չեն հասկանում, թե ինչ է կատարվում այդ երկրում, և դա ներկայացնում են որպես պաշտոնական դիրքորոշում։