Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 5-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 14, ընտանեկան բռնության՝ 11, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփոթության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, անձի առևանգման ու հարկերից խուսափելու՝ 3-ական, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ծանր վիրավորանքի՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 17 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ վնասելու և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: