Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, և տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքներով:
Նրա խոսքով՝ ահաբեկիչները դեռևս զենք են օգտագործում և վնասում Ղազախստանի բնակիչների ունեցվածքը, և այդ պատճառով նրանց դեմ պետք է պայքարել մինչև վերջ։
Ղազախստանի իշխանությունները հայտարարել են զավթիչների գործողությունների պրոֆեսիոնալիզմի մասին: Երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը նշել է, որ զավթիչներն օգտագործել են սեփական կապի միջոցները։ Նրա խոսքով՝ ահաբեկիչները կարողացել են արագ գրավել օդանավակայանն ու մի քանի ինքնաթիռ՝ միաժամանակ բարիկադներ ու հսկիչ կետեր տեղադրել օբյեկտներում։ Աբաևը նաև հայտնել է, որ քաղաքային վարչակազմերի գրավված շենքերում զինյալներն իրականացրել են հերթապահություն, վերահսկել են բոլոր ելքերն և մուտքերը, իսկ քաղաքում տեղաշարժն իրականացրել են օպտիմալ երթուղիներով։
Բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ահաբեկիչների շարքերում գործել են դիպուկահարներ՝ հատուկ զենքով: Նա հավելել է, որ զավթիչները մի քանի անգամ փորձել են ուղիղ եթեր դուրս գալ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Ալմաթիում զինյալները երեկ ուշ ժամի փորձել են գրավել Ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայության ակադեմիան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալմաթիում գրոհայինները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում և սկսվել է փոխհրաձգություն։ Հաղորդվում է նաև հարձակման հետևանքով զոհվածների մասին: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը սպառնացել է վերացնել իրավապահներին զինված դիմադրություն ցույց տվող քաղաքացիներին: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 26 գրոհայինի ոչնչացնելու մասին, ևս 18-ը վիրավոր է: Նախօրեին էլ հաստատվել էր 18 իրավապահի սպանության լուրը: Ձերբակալվել է 3000-ից ավելի մարդ:
ՀԱՊԿ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐՆ ԱՐԴԵՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԵՆ. ԶԱՍ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի առաջապահ խումբն արդեն Ղազախստանում է և սկսել է աշխատանքը։ Այդ մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպության անդամ մյուս երկրներից զինծառայողների տեղափոխումը շարունակվում է։ Նա նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առջև երկու խնդիր է դրված. առաջինը՝ պետական կարևորագույն, ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը, երկրորդը՝ ճժանդակել կարգուկանոնի պահպանմանը, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան։
Զասը հիմարություն է համարել այն խոսակցությունները, թե ՀԱՊԿ ստորաբաժանումները Ղազախստանում ցույցեր են ցրելու, իսկ զորքն էլ, մտնելով Ղազախստան, «օկուպացնում է» այդ հանրապետությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ խաղաղապահ ուժերի հսկողության տակ գտնվող օբյեկտների վրա հարձակումների դեպքում զինծառայողներն իրավունք ունեն զենք կիրառել: Նա նշել է, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը երկար չեն մնալու Ղազախստանում, սակայն դա կլինի մի քանի օր թե մի քանի շաբաթ՝ կախված կլինի Ղազախստանում իրավիճակի զարգացումից և հանրապետության ղեկավարության դիրքորոշումից:
Ըստ ընդունված որոշման՝ Ղազախստանում կլինի Հավաքական խաղաղապահ ուժերի մոտ 2500 զինծառայող, անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող է ավելանալ։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված է 3600 զինծառայող: