Հայաստանն առաջին անգամ աշխատեցրել է ՀԱՊԿ մեխանիզմներն ու ցույց տվել՝ ինչպես պետք է դրանք աշխատեն: Լուրերի տաղավարում այս մասին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ անդրադառանալով քննադատություններին, թե ինչու կազմակերպությունը նույն կերպ չարձագանքեց Հայաստանին, երբ ադրբեջանական ԶՈՒ-ը հատել էին մեր երկրի սուվերեն տարածքը, իսկ ՀՀ նախագահության օրոք կառույցն աջակցեց Ղազախստանին: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ կա պատասխանատվություն, և Հայաստանը կարևորում է ստանձնած գործառույթների կատարումը:
Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին պաշտոնական հաստատումը ստացվեց հինգշաբթի կեսօրին: Առաքելության կազմում, ըստ հայտարարության, ընդգրկվել են զինծառայողներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից: Այս որոշումը, Արմեն Գրիգորյանի խոսքով, կայացվել է անդամ պետությունների ղեկավարների հետ խորհրդակցությունների արդյունքում: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումը ստանալուց հետո վարչապետ Փաշինյանը՝ որպես Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, սկսել է գործընթացը:
Անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձավ նաև շրջանառվող կարծիքին, թե հեղափոխությամբ անցած Հայաստանը մասնակից է դառնում, այսպես կոչված, ղազախական հեղափոխության ճնշմանը: Գրիգորյանի խոսքով՝ որոշման կայացման պահին ահաբեկչական գործողություններ էին տեղի ունենում: ինչ վերաբերում է նման դիտարկմանը, ապա, ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանի իշխանությունը դեռ 2018-ին էր հայտարարել՝ արտաքին քաղաքականության օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու և շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ հեղափոխությունը Հայաստանում ներքին գործընթաց է:
Ղազախստան մեկնած 100 հոգանոց հայկական զորախումբը, ըստ պաշտպանության նախարարության, իրականացնելու է բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանություն: