Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում որոշում կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:
«Լուրեր»-ի մեկնաբանը նշեց, որ Հայաստանը նման արձագանք չստացավ, երբ մեր երկրին էր օգնություն անհրաժեշտ: Խոսքն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ սուվերեն տարածքը խախտելու մասին է:
«ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»,- ասաց Գրիգորյանը:
Հարցին՝ ինչ զորախումբ է նախատեսված ուղարկել Հայաստանից, և արդյոք մեկնե՞լ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ զորախմբի մասնակցության և օպերացիայի մասին մանրամասն տեղեկությունը ՊՆ-ն պարբերաբար տրամադրելու է:
«Հայաստանի խաղաղապահ ուժերը մասնակցելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը»,- հայտնեց Գրիգորյանը:
Հարցին՝ ինչո՞ւ հեղափոխությամբ անցած Հայաստանը նման քայլի գնաց, չէ՞ որ այդ մարդիկ էլ հեղափոխություն են ուզում անել, ինչպես հայտարարվում է որոշ դեպքերում, ԱԽ քարտուղարը պատասխանեց.
«Նախ, երբ որոշումը կայացվեց, այդ պահին ահաբեկչական գործողություններ էլ էին տեղի ունենում: Ինչպես Ղազախստանի, այնպես էլ բոլոր ՀԱՊԿ երկրների նախագահները տեղեկություն են տրամադրել մեզ, որտեղ հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ, և Հայաստանը, ելնելով այդ ինֆորմացիայից, կայացրել է որոշում:
Բայց ես ուզում եմ մի քանի կարևոր հանգամանք ևս նշել. հեղափոխության ամբողջ գործընթացքում մենք հայտարարել էինք, որ մեր արտաքին քաղաքականության օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու: Սրա համար ստացել էինք մանդատ և՛ 2018 թվականին, և՛ 2021 թվականի նախընտրական շրջանում: Եվ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ հեղափոխությունը Հայաստանում ներքին գործընթաց է: Ժողովրդավարությունը մնացել է ներքին օրակարգ, կարողացել ենք ժողովրդավարության մեխանիզմներն օգտագործելով՝ 2021-ին ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել, կայունացնել երկիրը և առաջ շարժվել»: