Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է նաև հարցին, թե ՀՀ կառավարությունը արդյոք պատրաստվում է Ղազախստանից տարհանե՞լ ՀՀ քաղաքացիներին:
Վահան Հունանյանը հայտնել է նաև, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան:
- ՀՀ կառավարությունը արդյոք պատրաստվում է Ղազախստանից տարհանե՞լ ՀՀ քաղաքացիներին:
Պատասխան - Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։
- Ի՞նչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։
Պատասխան - Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։
- Արդյոք կա՞ն տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։
Պատասխան - Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։