Այլևս չե՞ք վաճառում ծխախոտ: Այս օրերին ծխախոտի վաճառքի կետերում առաջինը հենց այս հարցն է հնչում: Տարեսկզբից ուժի մեջ մտած ծխախոտի հրապարակային վաճառքն արգելող օրենքը գնորդների մի մասին անակնկալի է բերել, կարծիքներն էլ՝ երկու մասի բաժանել:
Աշխատակիցների գործը մի փոքր բարդացել է՝ ամեն անգամ ծխախոտ վաճառելիս պետք է բացեն և անմիջապես փակեն ստենդը, սակայն վաճառքը չի նվազել՝ ասում է սուպերմարկետներից մեկի աշխատակիցը:
Այս օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու համար մի քանի տարի պահանջվեց: Ծխելու դեմ պայքարի առաջամարտիկ, առողջապահության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանի կարծիքով՝ այս օրենքի դրույթների լիարժեք կիրառումը ժամանակի ընթացքում էականորեն կնվազեցնի ծխախոտի օգտագործումը, ինչն էլ էականորեն կազդի բնակչության առողջության բարելավման վրա:
Արսեն Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ընդհանուր ծխողների թվով մենք աշխարհում վատագույն տեղերում ենք, Եվրոպայում՝ առաջին քառյակում, հետևաբար ինչ-որ բան պետք էր անել:
Թեև տարեսկզբից բարձրացել են նաև ծխախոտի ակցիզային հարկերի դրույքաչափերը, սակայն Թորոսյանի կարծիքով՝ չի կարելի ասել, որ Հայաստանում ծխախոտը թանկ արժե:
Արսեն Թորոսյան - Հայաստանում ծխախոտային դրախտ է գների առումով, եթե, օրինակ, համեմատենք հարևան վրաստանի հետ. չկա երկիր, որտեղ ավելի էժան է, քան Հայաստանում:
Հայաստանում 18 տարեկանից բարձր բնակչության ավելի քան 28 տոկոսն օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ: Ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունները մեր տնտեսությանը միլիարդավոր դրամների վնաս են պատճառում: Տարեկան գրանցվում է ավելի քան 5 հազար մարդու մահվան դեպք:
Արսեն Թորոսյան - Միակ արդյունաբերությունն է, որ սպանում է իր սեփական կլիենտներին:
Մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնի բաց և փակ ռեստորաններում, սրճարաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։
Տնտեսագետների մի մասի այն կարծիքներին, թե դա կնվազեցնի ակնկալվող շահույթն ու կվնասի տնտեսության աճին՝ Թորոսյանը համաձայն չէ:
Արսեն Թորոսյան - Կրիզիսի ժամանակ երբ ներդրվեց օրենքը, Ռուսաստանում շրջանառությունը ավելացավ:
Ծխախոտի հրապարակային վաճառքի արգելքի պատշաճ պահպանմանը հետևելու են տեսչական մարմինները: Օրենքի պահանջները չկատարելն առաջացնելու է տուգանք՝ 200 000-ից 250 000 դրամի չափով: Խախտումը կրկնելու դեպքում այն կկրկնապատկվի:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան