Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հույս ունի, որ կառույցի խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում կլինի կարճաժամկետ: Իրավիճակը հանդարտվելուն պես զորքերը դուրս կբերվեն այդ երկրից` հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Թե երբ դա տեղի կունենա` Զասը դժվարացել է պատասխանել: Նա միաժամանակ նշել է՝ որոշում կկայացվի՝ հիմք ընդունելով Ղազախստանի իշխանությունների դիրքորոշումը:
Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար) - «Եթե Ղազախստանի ղեկավարությունը համարի, որ իրավիճակը կայունացել է, և իրենք առանց մեր կազմակերպության բոլոր անդամների օգնության վերահսկում են այն, իհարկե, օպերացիան կավարտվի, և զորքը դուրս կբերվի»:
Զասը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի առաքելությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել կազմակերպության բոլոր անդամ երկրները: Զորքերի տեղափոխման գործընթացն արդեն մեկնարկել է: Զասի խոսքով` զորակազմի ընդհանուր քանակը կարող է տարբեր լինել, այս պահին կայացրած որոշումները ենթադրում են մոտ 2500 զինվորականի մասնակցություն:
Միաժամանակ, փաստացի հերքվել է լուրը, թե օպերացիային հրաժարվել է մասնակցել Ղրղզստանը: Պաշտոնական Բիշքեկը հայտարարել է Ղազախստան 150 հոգանոց զորք ուղարկելու մտադրության մասին: Պարզ է նաև, որ առավել մեծ է լինելու ռուսական ներկայացվածությունը Ղազախստանում: Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է զորքի տեղափոխման կադրերը: Գերատեսչությունը հաստատել է, որ ՀԱՊԿ հավաքական ուժերն արդեն վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է հայկական ուժերի գործառույթը Ղազախստանում:
ՀՀ ԱԳՆ
«Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու»:
ԵՐԿՐԻ ՎՐԱ 20 000 ԱՀԱԲԵԿԻՉ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ. ՏՈԿԱԵՎ
Քանի դեռ ՀԱՊԿ-ը զորք է տեղափոխում Ղազախստան, երկրում լարվածության հիմնական օջախը շարունակում է մնալ Ալմաթի քաղաքը: Գիշերն այնտեղ շարունակվել են անկարգությունները: Առավոտյան Ալմաթիում կրկին կրակահերթեր են լսվել: Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է ուժայիններին՝ առանց զգուշացնելու կրակ բացել ծայրահեղականների վրա:
Տոկաևը ուղերձ է հղել ղազախստանի ժողովրդին՝ հայտարարելով, թե երկրի վրա 20 հազար ահաբեկիչ է հարձակվել: Նրա խոսքով՝ Ալմաթիում նրանց գործողությունների պատճառով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր քաղաքացիական անձինք և զինվորականներ: Այս պահին հայտնի է ոստիկանության շարքից տասնյակ զոհերի մասին: Երկրի ներքին գործերի նախարարությունը նաև տեղեկացրել է 26 զինված անձի ոչնչացման մասին: Ղազախստանի նախագահը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունն անժամկետ է: Արտակարգ դրությունը երկրի ամբողջ տարածքով շարունակելու է պահպանվել: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելու համար գործում է 70 անցակետ:
Ղազախստանում իրավիճակը բացասական է ազդել թե՛ երկրի ազգային արժույթի՝ թենգեի, թե՛ ռուսական ռուբլու փոխարժեքի վրա: Վերջին դեպքերի հետևանքով ուրանի միջազգային գներն աճել են մոտ 8 տոկոսով:
Ղազախստանի մասնաբաժինը ուրանի համաշխարհային արտադրությունում հասնում է 40 տոկոսի: Միաժամանակ, ղազախական ընկերությունների արժեթղթերը զգալիորեն արժեզրկվել են միջազգային ֆոնդային բորսաներում:
Տնտեսական կորուստների նախնական հաշվարկ են արել ղազախ բիզնեսմենները: Դրանք այս պահի դրությամբ հասնում են 92 միլիոն դոլարի:
Իրավիճակը Ղազախստանում կտրուկ սրվել է հունվարի 2-ին, երբ հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել՝ բողոքելով հեղուկ գազի կրկնակի թանկացման դեմ: Բողոքի ակցիաներն արագ վերածվել են անկարգությունների: