Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ողջունել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու՝ ՀՀ կառավարության որոշումը: Դեսպանությունը նաև հիշեցրել է, որ կազմակերպության խաղաղապահ ուժերը Ղազախստանում տեղակայվելու են ժամանակավոր՝ մինչև այնտեղ իրավիճակի կարգավորումը:
*****
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ խորապես մտահոգված է Ղազախստանի իրավիճակով: Նա հորդորել է երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղաքացիների անվտանգությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո նա ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է հնարավորության սահմանում աջակցել Ղազախստանին՝ հաղթահարելու ճգնաժամը: Ֆրանսիայի նախագահն էլ Ղազախստանի իր պաշտոնակցի ուղերձից հետո հայտարարել է, թե շարունակելու է ուշադրությամբ հետևել այնտեղի իրադարձությունների զարգացմանը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ոստիկաններն իրավունք ունեն կրակել հանձնվելու հրահանգին չենթարկվող ցանկացած անձի ուղղությամբ:
*****
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ: Վերջինս եվրոպացի գործընկերոջն է ներկայացրել Ղազախստանում ստեղծված իրադրությունը: Բորելն, իր հերթին, հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը աջակցել իրավիճակի լիցքաթափմանը և կայունացմանը: «Եվրամիությունը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին: Կարևոր է երաշխավորել քաղաքացիական անձանց իրավունքները և անվտանգությունը»,- նշել է նա:
*****
Չինաստանը վճռականորեն դեմ է արտաքին ուժերի միջամտությանը, որոնք Ղազախստանում միտումնավոր հրահրում են անկարգություններ և գունավոր հեղափոխություն: Այդ մասին հայտարարել է Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինպինը՝ Ղազախստանի նախագահին հղած ուղերձում:
*****
Գերմանիան խոր մտահոգությամբ է հետևում Ղազախստանում բռնությունների դեպքերին: Դաշնային Հանրապետության կառավարության խոսնակ Կրիստիանե Հոֆմանը հայտարարել է, որ Բեռլինը բոլոր կողմերին հորդորում է ջանքեր գործադրել՝ իրավիճակի լիցքաթափման համար: Նա նաև ասել է, որ Գերմանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին տեղեկությունը:
*****
Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտահերթ խորհրդակցություն կանցկացնեն՝ Ղազախստանում տիրող իրավիճակի հարցով։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։ «Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխթար Թլեուբերդիի հետ, որի ընթացքում քննարկվել են Ղազախստանի վերջին իրադարձությունները, մտքեր են փոխանակվել 2022թ. հունվարի 11-ին Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների նախատեսվող արտահերթ հանդիպման վերաբերյալ»,- ասել է արտգործնախարարության աղբյուրը։
*****
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը: Twitter-ի իր պաշտոնական էջում նա մասնավորապես գրել է. «Խորապես ցավում եմ թյուրքական աշխարհի կենտրոնական պետությունը հանդիսացող եղբայրական Ղազախստանում վերջերս տեղի ունեցող զարգացումների համար: Մտահոգիչ է նաև, որ այդ զարգացումների հետևանքով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից»: