Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների խաղաղապահ զորախումբը Ղազախստանում չի մասնակցում ռազմական գործողությունների, այն պատասխանատու է պետական օբյեկտների պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը՝ հաղորդում է ТАСС-ը:
«ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի առաքելությունը խաղաղապահ է»,- ասել է պաշտոնյան և հավելել, որ հունվարի 6-ին Ալմաթին ահաբեկիչներից մաքրելու գործողության մարտական մասն իրականացվել է Ղազախստանի հատուկ ծառայությունների, ինչպես նաև նախարարության ուժերով։ «Գործողության արդյունքում քաղաքի բոլոր վարչական շենքերը մաքրվել են ահաբեկիչներից, բազմաթիվ զինյալներ ոչնչացվել են ու կալանավորվել, այժմ ճշտվում է նրանց ինքնությունը»,- նշել է նա:
Աբաևը հայտնել է նաև, որ ներկայումս հանրապետության բոլոր մարզերում կարգուկանոնը վերականգնվել է, իրավիճակը՝ կայունացել։