Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի առաջապահ խումբն արդեն Ղազախստանում է և սկսել է աշխատանքը։ Այս մասին РИА Новости ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպության անդամ մյուս երկրներից զինծառայողների տեղափոխումը շարունակվում է։
Նա նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առջև երկու խնդիր է դրված. առաջինը՝ պետական կարևորագույն, ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը, երկրորդը՝ օգնել կարգուկանոնի պահպանմանը, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան։
Զասը հիմարություն է համարել այն խոսակցությունները, թե ՀԱՊԿ ստորաբաժանումները Ղազախստանում ցույցեր են ցրելու, իսկ զորքն էլ, մտնելով Ղազախստան, «օկուպացնում է» այդ հանրապետությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ խաղաղապահ ուժերի հսկողության տակ գտնվող օբյեկտների վրա հարձակումների դեպքում զինծառայողներն իրավունք ունեն զենք կիրառել:
Նա նշել է, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը երկար չեն մնալու Ղազախստանում, սակայն դա կլինի մի քանի օր թե մի քանի շաբաթ՝ կախված կլինի Ղազախստանում իրավիճակի զարգացումից և հանրապետության ղեկավարության դիրքորոշումից:
Ըստ ընդունված որոշման՝ Ղազախստանում կլինի Հավաքական խաղաղապահ ուժերի մոտ 2500 զինծառայող, անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող է ավելանալ։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված է 3600 զինծառայող: