РИА Новости-ն տեղեկացնում է, որ ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշանակվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների հրամանատար: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա նաև նշել է, որ խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը։
«Ղազախստան ժամանած ռուս զինծառայողներն անմիջապես սկսել են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները։ Ներկայումս հանրապետության իրավապահ մարմինների հետ նրանք վերահսկում են Ալմաթիի օդանավակայանը»,- ասել է Կոնաշենկովը։
Ապահովված է նաև քաղաքում գործող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և այլ կարևոր օբյեկտների անվտանգությունը՝ հավելել է գերատեսչության ներկայացուցիչը։
ТАСС-ն էլ հաղորդել է, որ Ղրղզստանը ծրագրում է ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում Ղազախստան ուղարկել 150 զինծառայող և մի քանի միավոր զինտեխնիկա։ ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: