Սուրբ Ծննդյան օրը Հաղարծին գյուղի Ներսիսյանների ընտանիք ուրախությունը մտավ վշտի ու արցունքների միջով. լույս աշխարհ եկավ նրանց 3-րդ որդին; Փոքրիկը ավագ եղբորը՝ Մանվելին, չի տեսնի, հետո կիմանա, որ քաջաբար զոհվել է 44-օրյա պատերազմում: Լիլյա Ներսիսյանը հուզմունքով պատմում է, որ ծանր կորստից հետո հեշտ չի եղել այդ որոշմանը հանգելը, երեխան դեռ չծնված՝ արդեն անուն ուներ:
Լիլյա Ներսիսյան (44-օրյա պատերազմում զոված Մանվել Ներսիսյանի մայրը) - Որոշել էի իմ բալիկի անունը Էմանուել դնել. դա նշանակում է երկնային արքայություն, որտեղ մեր բալեքն են: Մեր բալիկի լույս աշխարհ գալը համընկավ Ս․ Ծննդյան օրվան, Աստծո պարգև է ինձ համար իմ բալեն, շնորհակալ եմ ԲԿ-ի անձնակազմին, ինը ամիս կանգնած են եղել իմ կողքը՝ հուզվելով, ուրախանալով: Փառք Աստծո, առողջ բալիկ եմ ունեցել:
Զոհված զինվորի մորը Իջևանի բժշկական կենտրոնի և «Առողջության առաջնային պահպանման կենտրոնի» մասնագետներն ու բուժաշխատողները հատուկ հոգածությամբ են շրջապատել հղիության վաղ շրջանից սկսած:
Աննա Համզյան (Իջևանի «Առողջության առաջնային պահպանման կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ) - Լիլյան մեզ դիմել է առաջին անգամ հղիության 9 շաբաթականի ընթացքում, կենտրոնում կատարվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ առողջ հղիություն տանելու և առողջ բալիկ ունենալու համար:
Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով, մեր նկարահանման պահին նորածնի առաջին հինգ ժամն էր:
Վարդուհի Վարդապետյան (Իջևանի ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ) - Վիրահատությունն ընթացել է հարթ, որևէ խնդիր չենք ունեցել, իրապես, մեզ համար հրաշք էր. առողջ տղա, 3 700 գրամ քաշով, 51 սմ հասակով: Երեխան անմիջապես մոտեցվել է կրծքին, Լիլյան 6-8 ժամ հետո արդեն կքայլի: Մոտիվացիա էլ ունի՝ ձգտում է վեր կենալ ու գրկել իր բալիկին. չեմ կարող հուզմունքս բացատրել:
Լիլյայի կողքին էր նաև որդեկորույս Գայանե Սարգսյանը՝ 44-օրյա պատերազմում Հաղարծին գյուղից նահատակված 5 տղաներից մեկի՝ Գարիկ Թամամյանի մայրը: Ասում է՝ երեխայի ճիչը լսելով՝ մի պահ մոռացել է իր ցավը:
Գայանե Սարգսյան (որդեկորույս մայր) - Եկել եմ ուժ տամ, որ չլացի, որ մխիթարվի իր Էմանուելով:
Մեր բալիկը իրեն շատ խելոք է պահում, տղամարդու նման: Մի քանի ժամ է, որ ծնվել է, մեկ անգամ է լացել, իսկ մինչև ծնվելը, երբ ինքն էր լաց լինում, փոքրիկն զգում էր, արցունքի միջից ժպտալով ասում է Լիլյան, բոլոր մայրերին էլ, հատկապես՝ որդեկորույս, կոչ էր անում․
Լ․ Ն․ - Ես խորհուրդ կտամ մնացած մամաներն էլ էդ քայլն անեն, հաստատ չեն փոշմանի: Մեր ազգը շատացնեն. մենք ապրելու ենք, շատանալու ենք:
Իսկ ուրախանալու առիթ Իջևանի բժշկական կենտրոնում ունեն. հունվարի 6-ին Էմանուելի հետ նաև մի աղջիկ էր ծնվել, այդ օրվա դրությամբ 13 երեխա է լույս աշխարհ եկել, որից 7-ը՝ տղա: