14 քրեական գործ՝ 2021 թվականի ընթացքում հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ դրանք թաքցնելու համար. գրեթե նույնքան, որքան դրան նախորդող 3 տարիներին միասին: 2018-ից 2020 թվականների ընթացքում ընդհանուր հարուցվել է 15 քրեական գործ:
Արսեն Մարտիրոսյան (Դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ) - Նշված քրեական գործերով նաև քրեական հետապնդումներ են հարուցվել որոշակի խումբ անձանց նկատմամբ, մասնավորապես 6 քրեական գործերով քրեական հետապնդում հարուցվել է 9 անձի նկատմամբ: Նախկին պատգամավորներ են, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նրանց հետ փոխկապակցված անձինք, նախկին մարզպետ, համայնքի ղեկավար, նաև նախկին դեսպան ունենք, որի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:
Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, երեքի նկատմամբ՝ կալանավորումը, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նշենք, որ այս գործերով անցնում են նաև Սերժ Սարգսյանի եղբայր, հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը:
Արսեն Մարտիրոսյան - Ընդամենը մեկ քրեական գործ երկու անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան. խոսքը վերաբերում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին և նրա հետ փոխկապակցված անձին՝ Արսեն Դավթյանին՝ որդուն, որի վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 10-ին դատարանը որոշում է կայացրել իրադրության փոփոխության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու՝ հիմք ընդունելով պաշտպանության կողմի միջնորդությունը:
Դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ իրադրության փոփոխության հետևանքով անձինք դադարել են հանրության համար վտանգավոր լինելուց: Արսեն Մարտիրոսյանը որոշման հետ համաձայն չէ՝ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Մարտիրոսյանը մեկ այլ խնդիր է նշում՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար առնվազն անհրաժեշտ է, որ նա հիշյալ արարքի համար նախկինում ենթարկված լինի վարչական պատասխանատվության: Իսկ դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթն է:
Արսեն Մարտիրոսյան - Որոշ քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ թեև անձինք ունցել են պարտականություն հայտարարագիր ներկայացնելու, հայտարարագիր չեն ներկայացրել, բայց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վարչական վարույթներ չի նախաձեռնվել, այդ անձանց նկատմամբ վարչական տույժեր չեն կիրառվել, լրացել են նաև վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Արդյունքում որոշակի խնդիրներ են առաջացել այդ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու առումով»:
Քանի որ օրենսդիրը նաև պատասխանատվություն է նախատեսում առանձնապես խոշոր չափի գույք չհայտարարագրելու համար, դատախազության տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է նշանակել փորձաքննություն, որով հնարավոր կլինի գնահատել այդ գույքի արժեքը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան