Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել պատվաստման անցագրի մասին օրենքի նախագծին։
Եռօրյա բանավեճից հետո փաստաթղթին կողմ է քվեարկել 214 պատգամավոր, դեմ՝ 93, ձեռնպահ՝ 27, հաղորդում է France24-ը։
Նոր օրինագիծը պետք է քննարկվի Սենատի կողմից հաջորդ շաբաթվա սկզբին:
Ստորին պալատում քննարկումն ընդհատվել էր նաև նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության պատճառով: Նա խոստացել էր «բարդացնել չպատվաստված քաղաքացիների կյանքը», ինչն ընդդիմադիր պատգամավորներն ընկալել էին որպես վիրավորանք ֆրանսիացիներին:
Վարչապետ Ժան Կաստեկսը կոչ է արել օրենսդիրներին պատասխանատվություն դրսևորել՝ հաշվի առնելով երկրում, Եվրոպայում և աշխարհում տիրող ծանր համաճարակաբանական իրավիճակը։
«Ազատ լինել չի նշանակում անպատժելիորեն վարակել ուրիշներին, չի նշանակում ծանրաբեռնել մեր բժշկական ծառայությունները, որոնք արդեն ծանր փորձության են ենթարկվում»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը։