Ասում են՝ հունվարի 5-ին ու նաև այսօր իրենք՝ Կապուտանի բնակիչները, եկեղեցու ձյունառատ ճանապարհը ոտքով են անցնում պարտադիր, հետո միայն հավաքվում Սուրբ ծննդյան ընթրիքի:
Խոստացանք՝ հյուրընկալվել: Մինչև եկեղեցուց տուն կգնային, 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղի մեկ այլ ընտանիքի դուռը թակեցինք. այս տանը սեղանն արդեն պատրաստ էր:
Նախորդ տարի չնայած տոնածառ չէին դրել ու Նոր տարվան էլ չէին պատրաստվել, բայց էլի Սուրբ ծննդյան տոնին տոնական ընթրիք ունեցել էին: Ասում է՝ գյուղում ում տունն էլ մտնեք, սեղանը գցած է, լույսը՝ սեղանին:
Ավելի մեծ խանդավառությամբ գյուղում նաև Համբարձման տոնն են նշում, մեզ էլ հրավիրեցին: Իսկ մենք նախորդ հրավերի հետքերով գնացինք տիկին Մանյայենց տուն: Եկեղեցուց վերադարձել էր, դեռ չամիչով փլավն էր պատրաստում: Նախկինում տան մեծ տատիկն է փլավը եփել, հիմա տիկին Մանյան՝ տատիկի բաղադրատոմսով:
Ընտանիքի 7 անդամից բացի հյուրերի էլ են սպասում՝ միշտ են Սուրբ ծննդի տոնը մեծ սեղանով ու բարեկամներով նշում: Չնայած հունվարի 6-ով ավարտված են համարում նաև Նոր տարվա ելումուտը, բայց տոնածառը դեռ կզարդարի տան անկյունը. հունվարի 13-ից՝ հին տոմարով նոր տարուց հետո են հանելու, այդպես են սովորել՝ էլի մեծ տատիկից:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան