ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից առաջինը Ղազախստան են ժամանել ռուսական ստորաբաժանումները, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունում նշել են, որ ռուս խաղաղապահների՝ ստանդարտ տեխնիկայով տեղափոխումը հանրապետություն շարունակվում է։ «Օդադեսանտային ուժերի 45-րդ առանձին հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները մշտական տեղակայման կետից երթ են իրականացրել դեպի Չկալովսկի օդանավակայան, Իվանովոյի օդադեսանտային ստորաբաժանումը՝ Իվանովո-Սևերնի օդանավակայան, Ուլյանովսկի օդադեսանտային զորամասը՝ դեպի Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանը, որտեղ բեռնումն իրականացվում է ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար»,- պարզաբանել են ՊՆ-ում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորքերը մտցնելու մասին ավելի վաղ խնդրել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա երկրում ստեղծված իրավիճակը անվանել է «արտերկրից պատրաստված ավազակային կազմավորումների ներխուժում»։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է սահմանափակ ժամկետով հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։ Բացի ռուս զինվորականներից, նրա կազմում կլինեն Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Նրանք, ի թիվս այլ գործողությունների, կպահպանեն նաև պետական և ռազմական օբյեկտները, կաջակցեն իրավապահ ուժերին: ՀԱՊԿ զորակազմի առաջավոր ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։
Սենատոր Անդրեյ Կլիշասը «ՌԻԱ Նովոստիին» տված մեկնաբանությունում ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից զինուժ ուղարկելու համար ՀԱՊԿ-ի մանդատը բավարար է։ Նրա խոսքով՝ լրացուցիչ որոշումներ, այդ թվում՝ խորհրդարանի համաձայնությունը, չեն պահանջվում։
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Աքթաու քաղաքների բնակիչները, որոնք գտնվում են նավթ արդյունահանող Մանգիստաու շրջանում, բողոքի ցույց են կազմակերպել մեքենաների համար օգտագործվող հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից հեղուկ գազի արժեքը սկսել է ձևավորվել էլեկտրոնային բորսայում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Հունվարի 4-ին իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ նվազեցնել գազի գինը։ Չնայած դրան, բողոքի ցույցեր սկսվեցին այլ քաղաքներում։ Տոկաևը երեկ առավոտյան արձակեց կառավարությունը։ Նա նաև հայտարարեց, որ դառնում է Անվտանգության խորհրդի ղեկավար, որը նախկինում ղեկավարում էր հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Կառավարությունն այսօր սահմանեց բենզինի և դիզվառելիքի գների պետական կարգավորում՝ 180 օրով։
Նախագահը զգուշացրել է ցուցարարներին, որ իշխանություններն ամենախիստ միջոցները կձեռնարկեն օրինախախտների նկատմամբ, քանի որ անկարգությունների հետևանքով արդեն մահացել ու տուժել են ուժայիններ։ Բացի այդ, ցուցարարները մի քանի փորձ են արել գրոհել վարչական շենքերը և ոստիկանության բաժանմունքները, ինչի ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել։
Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է արտակարգ դրություն։