Հունվարի 2-ին Ղազախստանում սկիզբ առաջ բողոքի ակցիաները և բախումները, որոնք հաջորդ օրերին տարածքվեցին ողջ երկրում, շարունակվում են: Հունվարի 5-ից իրավիճակն է՛լ ավելի սրվեց: Կառավարության հրաժարականը նույնպես չնպաստեց իրավիճակի կայունացմանը:
Հունվարի 6-ի վաղ առավոտյան Ալմաթիի իրավապահ մարմինները հատուկ գործողություն սկսեցին թալան և ավերածություններ իրականացնողների և հրահրողների դեմ: Անկարգությունների հետևանքով Ալմաթիում և մի շարք այլ քաղաքներում հսկայական վնաս է հասցվել։ Արմատականները հրկիզել են վարչական շենքեր ու մեքենաներ, թալանել բանկեր և վճարային տերմինալներ, ինչպես նաև մի քանի խոշոր առևտրի կենտրոններ։ Ղազախստանի առևտրային ցանցերի միության փոխանցմամբ՝ միայն մանրածախ ցանցերին հասցված վնասը գերազանցում է 820 մլն դոլարը։
Հարձակման է ենթարկվել Ալմաթիի ոստիկանական բաժանմունքը։ Տասնյակ ցուցարարներ վնասազերծվել են։
Ցուցարարները հարձակվել են նաև Ալմաթիում «Միր», «Խաբար», «Եվրասիա» և ԿՏԿ հեռուստաընկերությունների գրասենյակների վրա։ «Ղազախստան» հեռուստաընկերության աշխատակիցներից մեկը վիրավորվել է։
Ալմաթիի քաղաքապետարանի դիմաց ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել զինվորականների և զինված ցուցարարների միջև։ Հրապարակ ժամանած զորքերը նախաձեռնել են անկարգություններ իրականացնողներից տարածքը «մաքրելու» գործողություն։
Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Ղազախստանում անկարգությունների արդյունքում տուժել է ավելի քան հազար մարդ, 400-ից ավելի մարդ հոսպիտալացվել է։ Վերջին տվյալով՝ Ալմաթիում ցուցարարների հետ բախումների արդյունքում զոհվել է շուրջ երկու տասնյակ իրավապահ, տուժել՝ ավելի քան 700 աշխատակից։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ բերման է ենթարկվել շուրջ 2300 մարդ։
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է հատուկ խումբ ձևավորել՝ երկրում անկարգությունների պատճառները բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Աշխատանքներ են սկսվել անկարգությունների հետևանքով պատճառված վնասի վնասի չափը պարզելու համար։
Վերանայվել են նաև վառելիքի գները, որոնք օրեր առաջ բողոքի ակցիաների պատճառ դարձան: Վեց ամսով սահմանվել է հեղուկ գազի և բենզինի գների շեմ, ինչպես նաև մորատորիում է կիրառվել կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման հետ կապված։
Օրվա ընթացքում երկրի ողջ տարածքում նկատվել են ինտերնետային կապի խափանումներ. մինչ այժմ այն լիարժեքորեն չի վերականգնվել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավապահ մարմիններն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ակտոբեի միջազգային օդանավակայանը։ Ավելի վաղ բողոքի ակցիաների պատճառով դադարեցվել էր Ալմաթիի և Ակտաուի օդանավակայանների աշխատանքը։
Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հորդորել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն պահպանել անվտանգության միջոցները․ «Կոչ ենք անում զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց և չլքել բնակության վայրերը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Վերջին տվյալով՝ Ալմաթիի ամբողջ տարածքում «մաքրում» են խռովարարներից: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ իրավապահներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի հրապարակը: Մայրաքաղաք Նուր-Սուլթանում ուժեղացված հսկողություն է իրականացվում։