Կրթական գերատեսչությունը բուհական քննակարգում փոփոխություններ է նախատեսել: 2022-2023 ուսումնական տարվանից պետական բուհերի դիմորդներն բանավոր միասնական քննություններ չեն հանձնի: Բանավոր քննություն չի լինի, և բուհերը դիմորդին կընտրեն բացառապես թեստային երկու կամ ավելի միասնական քննության արդյունքով:
Լուսինե Գրիգորյան (ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ) - Խուսափելու համար սուբյեկտիվ գնահատականից, սուբյեկտիվ մոտեցումներից, ու, բացի դրանից, նախարարությունը որդեգրել է միասնական մոտեցում ընդունելության քննությունների հարցում: Ընդունելության ցանկից դուրս է եկել ստեղծագործական աշխատանք քննությունը, այն ևս փոխարինվել է գրավոր քննությամբ: Մեր կարծիքով՝ դա կապահովի օբյեկտիվ և անկողմնակալ գնահատական դիմորդների համար:
Մանկավարժականի բանասիրականի դեկանն ասում է՝ դեմ չեն, որ իրենց ուսանողներն օտար լեզվի քննություն հանձնեն: Բայց նաև կողմ չեն, որ բանասիրականում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից բանավոր քննություն ընդհանրապես չլինի:
Աշոտ Գալստյան (ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան) - Մենք գտնում ենք, որ այս գործընթացը պիտի երկու տարի առաջ հաղորդվեր դիմորդներին: Կարելի է այս տարի մուծել «Հայոց լեզու և գրականություն» բանավորը օտար լեզվի հետ միասին, թող դիմորդն ընտրի: Կարելի է ուսումնասիրություն կատարել, նոր միանշանակ անցնել երկու քննությունների ներմուծմանը: Այս տարի, կարծում եմ՝ ժամանակավրեպ է:
Թե ինչու են որոշել ընդունելության բանավոր քննությունը հանել, նախարարությունից պարզաբանում են՝ գնահատման չափման գործակիցը հստակեցված չէ, այսինքն՝ համակարգը չի արդարացնում: «Ծանր, բայց օդ ու ջրի պես կարևոր է բանավոր քննությունը»,- ասում է բանասիրականի դեկանն ու հակադարձում նախարարությանը՝ եթե արդարացված չէր, ինչպես են տարիներ շարունակ այդ եղանակով ուսանողի ընտրել:
Աշոտ Գալստյան - Անգլերենի հենքի վրա մենք չպետք է հայոց լեզու և գրականություն բանավոր քննությունը մի կողմ դնենք: Դա, կարծում եմ՝ ճիշտ չէ: Գիտեք՝ մանկավարժական համալսարանը որպես այդպիսին ուսանողի խնդիր չուներ մինչ այժմ, հիմա մենք մտավախություն ունենք, որ այսպես անակնկալ ձևով օտար լեզվի մուծումը քննական գործընթաց ինչ պատկեր կստեղծի, դիմորդների այդպիսի մեծ հոսք կգա՞ բանասիրական ֆակուլտետ, թե՞ ոչ:
Մեկ այլ նախագծով էլ սեպտեմբերի 1-ից դիմորդին հնարավորություն կտրվի ուսումնական տարում միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ հունվարին և հունիսին. անցնող կհամարվի ամենաբարձր միավորը:
Լուսինե Գրիգորյան - Հաշվի առնելով, որ ընդունելության քննությունները կարևոր էտապ, կարևոր փուլ են դիմորդների և ընդհանրապես անձանց համար, հնարավորություն տալ խուսափելու ստեղծվող լարվածությունից և այլ հոգեբանական տարբեր իրավիճակներում խոչընդոտող հանգամանքներից, թույլ տալ, որպեսզի հնարավորություն տրվի ևս մեկ քննություն տալու:
Այն դիմորդները, որոնք ցանկանում են 2023-ի հունվարին առաջին քննությունը հանձնել, դեկտեմբերին պետք է հայտագրվեն: