ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղազախստանում ստեղծված իրավիճակին և այդ երկրի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։