ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՆԱՏՕ-Ռուսաստան առաջիկա խորհրդի նիստը, ինչպես նաև զարգացումները Ղազախստանում, Բոսնիա-Հերցեգովինայում և Կովկասում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
ԶԼՄ-ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրատվամիջոցների մասին նոր օրինագծի հետ կապված, որը, ըստ տեղական ԶԼՄ-ների և իրավապաշտպան կազմակերպությունների, ուղղված է Ադրբեջանում անկախ լրագրողների իրավունքների սահմանափակմանը։
«Մենք անհանգստացած ենք, որ Ադրբեջանի խորհրդարանը շտապել է ԶԼՄ-ների մասին օրինագիծը նախագահի աշխատակազմ ուղարկելու հարցում․ հուսով ենք՝ նախագահի աշխատակազմը այն քննարկելիս ուշադիր կուսումնասիրի անկախ լրագրողների, մեդիա փորձագետների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի առաջարկները»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի ուշադիր հետևել այս հարցի շուրջ զարգացումներին:
Օրինագծով նախատեսվում է ստեղծել լրատվամիջոցների տվյալների բազա, իսկ լրագրողները ստիպված կլինեն գրանցվել պետական մարմնում։
ԼԱՏՎԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԶԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ
Լատվիան մտադիր է զենք ուղարկել Ուկրաինա՝ հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը երկրում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոյի հետ հանդիպմանը։
Կողմերը համաձայնեցրել են Ուկրաինա ուղարկվող հումանիտար բեռի պարունակությունը, որը ներառում է նաև զինամթերք և տեխնիկա։ «Մենք կոչ ենք անում Եվրոպայում մեր դաշնակիցներին անել նույնը, քանի որ Ուկրաինան իրավունք ունի և պետք է կարողանա պաշտպանել իրեն»,- նշել է Պաբրիկսը։
Նա հավելել է, որ թեև Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն աջակցում է Լատվիային երկրի սահմանների պաշտպանության հարցում։
Ավելի վաղ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու՝ Բալթյան երկրների պատրաստակամության մասին հայտնել էր նաև Լիտվայի պաշտպանության նախարարը։
ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
Ավստրալիան և Ճապոնիան համաձայնագիր ստորագրել պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների կառավարությունների ղեկավարների վիրտուալ գագաթնաժողովի ժամանակ։
Ավստրալիայի կառավարության ղեկավարը նշել է, որ համաձայնագիրը նոր էջ կբացի Կանբերրայի և Տոկիոյի միջև պաշտպանական գործակցության ոլորտում և կօգնի դիմակայելու նոր մարտահրավերներին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Մորիսոնի խոսքով՝ փաստաթողթը իրավական դաշտ կստեղծի, որը թույլ կտա երկու երկրների զինծառայողներին համատեղ վարժանքներ անցկացնել։