Թեև անցնող տարին գյուղատնտեսության համար սակավաջուր էր համարվում, սակայն առաջնային գյուղմթերքի արտահանման ցուցանիշով գերազանցվել է անցած տարվա պատկերը: Արտահանվել է ավելի քան 200 հազար տոննա առաջնային գյուղմթերք, անցած և նախանցած տարիներին արտահանվել էր 140 հազար տոննա:
Լիզինգային տարբերակով պետական աջակցությամբ 456 միավոր բոլորովին նոր տեխնիկա է տրամադրվել գյուղացիական տնտեսություններին: Ծախսվել է 2.7 միլիարդ դրամ: 45 միլիարդ դրամի էլ շուրջ 23 հազար միավոր վարկ է տրամադրվել:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Եթե մի քանի տարի առաջ ընդհանուր գյուղատնտեսական վարկային պորտֆելում 15 տոկոսից ավելին կազմում էին ժամկետանց պարտավորությունները, ապա այսօր այդ թիվը նվազել է մինչև 2 տոկոսի: Նվազել է նաև սև ցուցակում հայտնված վարկառուների թիվը՝ 5 հազարից նվազել է մինչև 200-ի:
160 շահառու կարողացել է ագրովերամշակման սարքավորում ձեռք բերել: 30 տոկոսով ավելացել է պահածոների, 25 տոկոսով ՝ չրի, մոտ 80 տոկոսով էլ՝ մրգի հյութերի արտահանումը: Որ գյուղացու հանձնած բերքի դիմաց վճարվող գումարը չուշանա, 25 միլիարդ դրամ պետական աջակցություն է տրամադրվել վերամշակողներին:
Արման Խոջոյան - Տրամադրվել է 50 տոկոս պետական երաշխիք՝ ավելի հեշտացնելու վարկային պրոդուկտից օգտվելու հնարավորությունը: Կառավարությունը այս քայլին գնացել է, որպեսզի ժամանակին վճարվի ֆերմերի վաճառքի դիմաց գումարները:
Համավարակի և հետպատերազմյան շրջանում չեն դադարել նաև անասնաբուծության աջակցության ծրագրերը: Նույնիսկ այդ պայմաններում 22 խելացի անասնաշենք կառուցողների ծախսերը կառավարությունը արդեն փոխհատուցել է:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Անասնաշենքի համար պետությունը փոխհատուցել է ավելի քան 280 միլիոն դրամ՝ կառուցման և վերակառուցման համար:
38 անասնաշենք կառուցման ու վերակառուցման տարբեր փուլերում է, շահագործման կհանձնեն հաջորդ տարվա սկզբին: Հատկապես ավելացել են մեծ անասնաշենքեր կառուցելու հայտերը: Դրանց փոխհատուցման հարցը կքննարկեն 2022-ին: Անցնող տարում ավելի քան 602 տոհմային խոշոր եղջերավոր կենդանի է ներկրվել, 2019-ին ներկրվել էր 271, 2020-ին՝ 391 կենդանի:
Տիգրան Գաբրիելյան - Պետությունը սուբսիդավորել է շուրջ 631 միլիոն դրամ կենդանիների ներմուծման համար:
Ինտենսիվ այգիներ հիմնողների համար հիմա գործում են երկու՝ վարկային տոկոսադրույքների և ուղղակի ծախսերի 50 տոկոս փոխհատուցման ծրագրերը: Այգիներ հիմնողները սկսել են ավելի շատ օգտվել ծախսերի 50 տոկոս փոխհատուցման պետական աջակցության ծրագրից: Ինտենսիվ այգիներն ավելացել են ևս 600 հեկտարով:
Տիգրան Գաբրիելյան - 2021 թվականի ընթացքում տնտեսվարողների հետ կնքվել են 7 միլիարդ և ավելի պայմանագրեր, որոնցից 90 միլիոն և ավելի գումարը տրամադրել է պետությունը տոկոսադրույքների տեսքով: Իսկ երկրորդ բաղադրիչով, այն է՝ փոխհատուցման բաղադրիչը 100 և ավելի հեկտար այգիների տնկման համար, պետությունը տրամադրել է 665 միլիոն դրամի ուղիղ գումարի փոխհատուցում:
Որպես ծրագրի բարելավում, 2022-ին պետությունը կփոխհատուցի նաև ինտենսիվ այգիների, ջրավազանների կառուցման ծախսերը: Հաշվի առնելով անցած տարիների բնակլիմայական ռիսկերը՝ 2021-ին այգետերերն ակտիվ ապահովագրել են իրենց այգիները: Երկու տարի առաջ ապահովագրվում էր երկու մշակաբույս, այն էլ մի՝ քանի մարզում: Հիմա ապահովագրում են 11 մշակաբույս՝ բոլոր մարզերում: Կնքված ապահովագրական պայմանագրերի թիվն ավելացել է մոտ 3 անգամ:
Իռա Փանոսյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - 2020 թվականին ապահովագրվել էր 2300 հեկտար տարածք, ապա 2021 թվականին այդ թիվը հասավ շուրջ 5830 հեկտարի: Եթե 2020 թվականին ունեինք 1546 կնքված պայմանագիր, ապա 2021 թվականին այդ թիվը հասավ շուրջ 4300-ի:
Ապահովագրավճարների 50-60 տոկոսը ևս փոխհատուցում է կառավարությունը: Երեք ապահովագրական ընկերություններ հավաքագրել են 475 միլիոն, փոխհատուցել 320 միլիոն դրամ: Փորձնական ծրագիրը կկիրառվի մինչև 2023 թվականը, դեռևս բարեփոխումների փուլ է անցնում: Կարկտահարության, հրդեհի, ցրտահարության ռիսկերը փոխհատուցելուց բացի, հիմա քննարկում են 2022-ից ռիսկերի և մշակաբույսերի ցանկն ավելացնելու հնարավորությունները: Դրա մասին կհայտարարեն փետրվարին: