ՀԱՊԿ-ը պաշտոնապես հայտարարեց Ղազախստանին օգնելու մասին: Ալմաթի ուղարկվող խաղաղապահ առաքելության կազմում ընդգրկվել են զինծառայողներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից: Կազմակերպության քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրն է լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունը, նաև օգնությունը ղազախական իրավապահ համակարգին՝ իրավիճակի կայունացման գործում։
Ըստ ՀԱՊԿ հայտարարության՝ հունվարի 6-ի կեսօրի դրությամբ խաղաղապահ զորախմբի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի տարածք՝ Դաշնության օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով։ Այդ կազմից առաջատար ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները:
Արդեն երկու օր Ղազախստանի ամենամեծ քաղաքներից մեկում՝ Ալմաթիում շարունակվող ցույցերը վերածվել են զինված բախումների, երկրի տարածքում արտակարգ դրություն է: Ահաբեկչական սպառնալիքը կանխելու խնդրանքով Ղազախստանի նախագահը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին դիմեց չորեքշաբթի ուշ երեկոյան՝ տեղի ունեցողը բնութագրելով ոչ միայն իրական սպառնալիք է, այլև ոտնձգություն պետության ամբողջականության դեմ:
Անվտանգության խորհրդի նիստում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր՝ երկրում տեղի ունեցողը դիտարկում է որպես արտաքին ագրեսիա, և խոստացել էր՝ ամեն ինչ անել քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։
Կասիմ-Ժոմարտ Տոկաև (Ղազախստանի նախագահ) - Հաշվի առնելով, որ այդ ահաբեկչական խմբերը, ըստ էության, միջազգային են, նրանք լուրջ պատրաստում են անցել արտասահմանում, և նրանց հարձակումը Ղազախստանի վրա կարելի է դիտարկել և պետք է դիտարկել որպես ագրեսիա: Իմ սահմանադրական պարտավորությունն է պաշտպանել մեր քաղաքացիների անվտանգությունը, այդ պատճառով ՀԱՊԿ գործընկերներին դիմելը համարում եմ լիովին արդարացված և ժամանակին:
Տոկաևի հայտարարությանը հաջորդեց ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի ղեկավարի արձագանքը: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա, Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, կազմակերպության Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշել է իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր: Մինչև այդ վարչապետը նաև հեռախոսազրույց էր ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Ղազախստանում ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալից են՝ սա էլ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, նշելով՝ անհանգստությամբ և մտահոգությամբ են հետևում տեղի ունեցող զինված բախումներին։
Արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել է բռնությունը և համոզմունք հայտնել, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։
«Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և՝ քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում: