Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին, գրում է РИА Новости-ն։
Մասնավորապես, կձևավորվի հատուկ քննչական խումբ՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու, իրավիճակը ապակայունացնող և հասարակական կարգը խախտող բոլոր մեղավորներին բացահայտելու և քրեական ու վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Բացի այդ, իշխանությունները հանձնաժողով կկազմեն՝ գնահատելու անկարգությունների պատճառած վնասը։
Զինված ուժերին, Ազգային անվտանգության կոմիտեին, ՆԳՆ-ին, Ազգային գվարդիայի և ուժային այլ կառույցների հանձնարարվել է բարձրացնել մարտական պատրաստականությունը։
Մարզերին հանձնարարվել է պատշաճ նյութական աջակցություն ցուցաբերել զոհված ոստիկանների և զինվորականների ընտանիքներին։
Ղազախստանի նախագահը հրահանգել է ակիմներին (տարածաշրջանների ղեկավարներին) կարգավորել կոմունալ ծառայությունների, հասարակական տրանսպորտի և սոցիալական ենթակառուցվածքների աշխատանքը, իսկ Ազգային բանկին և Ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությանը` վերականգնել բանկերի կայուն ու անխափան գործունեությունը:
Տոկաևը նաև հանձնարարել է ապահովել դիվանագիտական ներկայացուցչությունների, օտարերկրյա ներդրումներ կատարող սուբյեկտների և օտարերկրյա ընկերությունների բիզնեսի պաշտպանությունը։