Ազդարարման միասնական էլեկտրոնային այս հարթակը գործարկվել է 2019-ին, որտեղ քաղաքացիները կարող են անանուն կամ տվյալներ ներկայացնելու եղանակով հաղորդում ներկայացնել իրենց հայտնի կոռուպցիոն դրսևորումների մասին, որոնք կպարունակեն ենթադրյալ հանցագործության հատկանիշներով տեղեկություններ:
Գոռ Աբրահամյան (ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական) - Միայն 2021 թվականի ընթացքում այս հարթակի միջոցով ստացվել է 70 հաղորդում, միջին վիճակագրական ցուցանիշները եթե նայենք, ապա ամիսը մոտավորապես 6 -7 հաղորդում ենք մենք ստանում:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ ներկայացված հաղորդումների միայն 43 տոկոսն է, որ այնպիսի տվյալներ է պարունակում, որոնց առնչությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջանում:
Գոռ Աբրահամյան - Մենք ունենք կայուն պահպանված դինամիկա, կցանկանայինք, որ այս ճանապարհով ստացված տեղեկությունների քանակական և որակական բարելավման ցուցանիշներ ունենայինք, բայց այս պահին կարծես ավելի ստատիկ վիճակում ենք գտնվում: Ունենք ամիսներ, որ 1-2 հաղորդում ենք ունենում, ամիսներ ունենք՝ տասնյակից ավելի ենք ստանում:
Օրինակ՝ երբ անձն ընտրում է կոռուպցիոն երևույթի մասին ազդարարել անանուն տարբերակով, կայքը հուշում է քայլերի հաջորդականությունը, թե ինչպես պետք է ծածկագրել համացանցային հաղորդակարգի հասցեն՝ IP-ն, որի օգնությամբ քաղաքացին պատրաստվում է ազդարարել կոռուպցիոն դեպքի մասին:
Հասմիկ Տիգրանյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնի պետ) - Անձի տվյալները պաշտպանված են, պաշտոնատար անձինք, պետական մարմինները, ովքեր ստանում են այս տվյալները, իրենք իրավունք չունեն ձեռնարկել միջոցներ անձի անձնական տվյալների բացահայտման նպատակով, դա առաջնային պաշտպանության միջոցն է, որը ազդարարները կարող են ստանալ, եթե նախընտրում են անանուն եղանակով ազդարարել:
Դատախազությունից հայտնում են՝ կան նաև հարուցված քրեական գործեր օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեղիք տված հաղորդումների առթիվ:
Գոռ Աբրահամյան - Մոտ 20 տոկոս է կազմում այդ հաղորդումների ընդհանուր քանակը, և սա վատ ցուցանիշ չէ՝ նկատի ունենալով, որ համակարգը, ըստ էության, նոր է ներդրվել Հայաստանում և դեռ կայանալու ճանապարհ ունի:
Ազդարարման համակարգ ունենալու կարևորությունը ամրագրված է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայով, որի անդամ է նաև Հայաստանը:
Հասմիկ Տիգրանյան - ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, շարունակելու է ազդարարման համակարգի հետագա կատարելագործումը: Այդ առաջնայնությունը ամրագրվել է նաև Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրով, որի շրջանակում նախատեսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ևս հնարավորություն տալ այդ համակարգին ունենալ հասանելիություն, որպեսզի գործեր հարուցվեն ոչ միայն քրեական տարրեր պարունակող կոռուպցիոն դեպքերի, այլև ոչ քրեական կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ:
Համակարգը հնարավորություն է տալիս նաև ազդարարել շահերի բախման իրավիճակների, պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման դեպքերի վերաբերյալ:
Հասմիկ Տիգրանյան - Ներկայումս որոշակի օրենսդրական կարգավորումների կարիք կա, որպեսզի իրավասու մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, օրենքով հնարավորություն ունենա տվյալները ստանալ և հարուցել վարույթ, ենթարկել վարչական պատասխանատվության համապատասխան պաշտոնատար անձանց:
Հիմա միջազգային փորձն է ուսումնասիրվում՝ թե ո՛ր մոդելի կիրառմամբ համակարգի հասանելիությունն առավել նպատակահարմար կլինի: Նախատեսվում է այս տարի նախագծման աշխատանքներն ավարտել, որպեսզի առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում ունենանք արդիականացված ազդարարման համակարգ: