Վերջին տարիներին աշխարհում տարածում է գտել ճշգրիտ գյուղատնտեսությունը: Հայաստանն այս ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկում: Սա բերքատվության կառավարման համակարգ է, որը հիմնված է արբանյակային և համակարգչային տեխնիկայի միացյալ համակարգի վրա: Այսինքն՝ աչքաչափով վարել, ցանել, պարարտացնելու փոխարեն, ինչպես արվել է միշտ, այսօր արդեն ֆերմերը կարող է հաշվարկել սերմի, պարարտանյութի և այլ ռեսուրսների ծախսը, ընդհուպ հողամասի ամեն սանտիմետրի համար, ինչը նպաստում է ռեսուրսի ճշգրիտ օգտագործմանը:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ճշգրիտ գյուղատնտեսությունը ընդհանուր առմամբ նրա մասին է, որ ֆերմերներն օպտիմալացնեն այն ռեսուրսները, որոնք իրենք օգտագործում են, փոխարենը ունենան ավելի շատ արդյունք: Դա վերաբերում է հենց պարարտանյութերին, սերմացուին, ջրին, որ օգտագործում են: Պատահական չէ, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արդեն գործում է ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր: Մյուս տարվանից այն կներդրվի նաև բակալավրիատում:
Վարդան Ուռուտյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր) - Կարելի է ասել, որ չի ունեցել Հայաստանը ճշգրիտ գյուղատնտեսություն, վերջին տարիներին է զարգանում այս ուղղությունը, դա էլ կապված է աշխարհում բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ, որովհետև պարենային համակարգերի և գյուղատնտեսության մեջ սկսում են կիրառվել այս բարձր տեխնոլոգիաները՝ արհեստական բանականություն, մեքենայացված ուսուցում, սենսորներ, դրոններ, արբանյակներ և այլն:
Վերջին շրջանում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը մեծ մասամբ համադրվում են հենց ճշգրիտ գյուղատնտեսությանն ուղղված գործիքների կիրառմամբ՝ նշում է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այն բոլոր ծրագրերը, որն այսօր Կառավարությունն առաջարկում է ներդրողներին, միանշանակ, պարունակում են ճշգրիտ գյուղատնտեսության բաղադրիչ, այն է՝ նպաստել, որպեսզի ֆերմերը կամ հենց բույսը ունենա բարենպաստ պայմաններ ավելի լավ զարգանալու, աճելու և իր առավելագույն բերքատվությունն ապահովելու՝ չվնասելով, կրկնում եմ, բնությանն ու միջավայրին:
Ճշգրիտ գյուղատնտեսությունը ֆինանսական առումով այնքան էլ մատչելի չէ: Աշխարհում ընդունված տարբերակ է, որ ֆերմերները դիմում են նման տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններին՝ իրենց դաշտերի վերաբերյալ որոշակի վճարի դիմաց պարբերաբար ինֆորմացիա և խորհրդատվություն ստանալու համար: Ագրարային համալսարանի ռեկտորն ընդգծում է՝ նման գործունեությամբ զբաղվող ընկերություններ ունեն նաև սփյուռքում բնակվող հայերը: Հայաստանը մեծ պոտենցիալ ունի ճշգրիտ գյուղատնտեսության մեջ՝ կարծում է Ուռուտյանը, վստահեցնում՝ սա կօգնի խնայել ռեսուրսներ, բարձրացնել արտադրողականությունը և շահութաբերությունը:
Վարդան Ուռուտյան - Օրինակ՝ եթե ավանդական գյուղատնտեսության մեջ ֆերմերը գիտի, որ իր դաշտի այս հատվածը լավ բերք է տալիս, այս հատվածը այդքան էլ լավ բերք չի տալիս, կամ կան որոշակի սթրեսներ դաշտի այս կամ այն հատվածում, նա չի կարողանում տարբերակված մոտեցումով կիրառել պարարտանյութ կամ բուժանյութեր, իսկ ճշգրիտ գյուղատնտեսության մեջ դա հնարավոր է:
Ճշգրիտ գյուղատնտեսությունն աշխարհում կիրառվում է նաև շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազեցնելու համար:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան