Փարաքար խոշորացված համայնքի ավագանու նիստը, որի օրակարգում համայնքապետի ընտրությունն էր, չկայացավ:
Մարիետա Քեյան, Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար-ղեկավար - Արձանագրություն կազմեցինք, որ քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ:
Ավագանու առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 20-ին: Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր Վոլոդյա Գրիգորյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից, և 10 կողմ ձայնով ընտրվել: Բայց հետո նիստը շարունակել էին կոալիցիա կազմած «Դավիթ Մինասյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը»:
Համայնքապետի պաշտոնում առաջադրվել և 11 կողմ ձայնով ընտրվել էր դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը: Համայնքում կրքերը թեժացել էին, երբ դեկտեմբերի 23-ին Վոլոդյա Գրիգորյանը՝ «Ապրելու երկրից», երդմնակալությամբ ստանձնել էր համայնքի ղեկավարի պաշտոնը:
Անգործ չէին մնացել կոալիցիա կազմած քաղաքական ուժերը: Նրանք էլ հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ Փարաքար խոշորացված համայնքի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
Դատարանը, դեկտեմբերի 30-ին բավարարել էր հայցը: Թվում էր՝ այսօրվա նիստը կկայանար, ու համայնքը վերջապես ղեկավար կունենար, բայց քաղաքական ուժերից և ոչ մեկը դահլիճ չմտավ, չնայած «Դավիթ Մինասյան» դաշինքն ու «Քաղպայմանագիրը» տարածքում էին:
Էմին Երիցյան, Փարաքարի ավագանու անդամ («Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինք) - Չի կարող 11 հոգով ավագանու նիստ լինել:
Ավագանու անդամի կարծիքով՝ չի կարելի թույլ տալ, որ բազմաբնակավայր համայնքներում դժգոհություններ ու անհամաձայնություններ լինեն: Դա կբերի բախումների: Ավագանու նիստի տապալումն ինչ-որ իմաստով նաև եռացող համայնքում կրքերը մարելուն էր միտված:
Էմին Երիցյան - Կառավարման մոդելում դա որոշակի խնդիրներ է առաջացնում: «Ապրելու երկիրը» ձայներ է հավաքել այլ համայնքներում ու բավականին բարձր, իսկ կոալիցիա կազմած երկու ուժերը Փարաքարում են շատ ձայն հավաքել, դրանից բնակավայրերի միջև շահերի բախում է առաջացել:
Եվ որպեսզի համայնքների միջև խռովություններ չլինեն, իսկ ավագանու նիստերն անցնեն համերաշխության մթնոլորտում, Համայնքների միության նախագահն ու «Դավիթ Մինասյան» դաշինքից ավագանի ընտրված Էմին Երիցյանը հանձն է առել մոդեռատորի դերը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու երեք քաղաքական ուժերին: Ասում է՝ ցանկալի է, որ կուսակցությունների առաջնորդները երկխոսեն ու գան կոնսեսուսի:
Էմին Երիցյան - Եթե չգան, այլ լուծում կա, ինչպես կիրառվում է Վեդիում, դա նոր ընտրությունն է:
Կգնա՞ն նոր ընտրության, թե՞ մեկ թեկնածուի շուրջ ընդհանուր հայտարարի կգան, կերևա բանակցություններից հետո: