Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Սուրբ Ծնունդը: Իսկ հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում անցկացվում է ճրագալույցի պատարագ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճրագալույցի երեկոյին շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով.
«Սիրելի հայրենակիցներ, Ճրագալույցի երեկո է, և ես ուզում եմ սաղմոսով շնորհավորել Սուրբ Ծնունդը: Սաղմոս համար 24, Սաղմոս Դավթի. Աղոթք վտանգի պահին:
Դեպի քեզ, Տե՛ր, բարձրացրի հոգիս, Աստվա՛ծ իմ, քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոթով չմնամ, և թշնամիներս չծիծաղեն ինձ վրա: Բոլոր նրանք, ովքեր հույսով սպասում են քեզ, ամոթով պիտի չմնան: Այլ ամոթով պիտի մնան անօրենները իրենց ունայնության մեջ:
Տե՛ր, ցույց տուր քո ճանապարհները և քո շավիղները սովորեցրու ինձ: Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտության մեջ և ուսուցանիր ինձ, քանզի դու ես Փրկիչ Աստվածն իմ, ու ես հանապազ քեզ եմ սպասում: Հիշի՛ր, Տե՛ր, քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են: Իմ մանկության ու տհասության մեղքերը մի՛ հիշիր, այլ հիշիր ինձ, Տե՛ր, քո ողորմությամբ, ըստ քո բարության, քանզի դու քաղցր և ուղիղ ես տեր:
Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա: Հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները: Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայությունը:
Հանուն քո անվան, Տե՛ր, քավությո՛ւն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք: Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, Տերը նրան սովորեցնելու է Իր ընտրած ուղին: Նա բարության մեջ պիտի հանգչի, և նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի: Տերը զորացուցիչն է իր երկյուղածների և իր ուխտը նրանց է սովորեցնում:
Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղղված, և Նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից: Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի միամորիկ եմ ես և աղքատ: Սրտիս նեղությունները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից: Տե՛ս իմ նվաստացումն ու տառապանքը և թողությո՛ւն արա իմ բոլոր մեղքերին: Տե՛ս՝ թշնամիներս որքա՜ն բազմացան և անիրավ ատելությամբ ինձ ատեցին:
Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, և թող ամոթով չմնամ, որ հույսս դրեցի քեզ վրա: Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան, և ես սպասեցի քեզ:
Փրկի՛ր, Աստվա՛ծ, Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ Ավետիս»: