Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվության բաժնից:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը: Նախ կատարվել է երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվել են սուրբգրային հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիելի մարգարեությունը:
Սուրբ Պատարագի ընթացքում Փառեն Սրբազանն իր քարոզում անդրադարձել է Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին: Սրբազան Հայրը հաստատել է, որ Աստծո Որդին ծնվեց, մարմնացավ և խոնարհվելով դրվեց մսուրի մեջ մարդկության փրկության համար։ Փառեն Սրբազանն ընդգծել է նաև, որ Քրիստոս իր հայտնությամբ խաղաղություն բերեց աշխարհին, խաղաղություն, որը մինչև այդ եղած մարդկային խաղաղությունից միանգամայն տարբերվում էր։
Վերջում պատարագիչ Սրբազանը պատգամել է ներկաներին, Աստծո մարմնացած Որդուն ընդունելով իրենց սրտերում, լցվել Քրիստոսի շնորհած խաղաղությամբ՝ ձայնակցելով հրեշտակներին. «Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:
Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացել է Սուրբ Խորան և վառել կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվել է հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է տարվա առաջին Տնօրհնեքը: