ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ղազախստանում ընթացող բողոքի ակցիաներին։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է, որ դրսից ոչ ոք չմիջամտի Ղազախստանում կատարվող իրադարձություններին։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ղազախական իշխանությունները կարող են ինքնուրույն կարգավորել երկրում ստեղծված իրավիճակը։ ԵԱՀԿ գործող նախագահը նույնպես Ղազախստանում լարվածության թուլացման կոչ է արել՝ վստահություն հայտնելով, որ բռնությամբ խնդիրը լուծել հնարավոր չէ։ Բողոքի ակցիաներին անդրադարձել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը․ «Մենք ուշադիր հետևում ենք Ղազախստանում ընթացող ցույցերին, որոնց արդյունքում կառավարությունը հրաժարական է տվել։ Մենք հավատում ենք, որ երկրի ղեկավարությունը կհաղթահարի այս ճգնաժամը»,- նշված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
*****
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում Է մասնակցել ապրիլին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն թեկնածության առաջադրման ժամանակը դեռ չի եկել: «Այժմ պետք է միջոցներ ձեռնարկել համավարակի դեմ պայքարի համար»,- նշել է նա՝ պարզաբանելով, թե ինչու մինչ օրս չի առաջադրել իր թեկնածությունը: Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2022 թվականի ապրիլի 10-ին և 24-ին: Նախագահի թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև մարտի սկիզբ: Նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց ցանկության մասին արդեն հայտարարել է ավելի քան երեք տասնյակ թեկնածու:
*****
Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ռազմաբազան, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորական խորհրդականները, հրթիռակոծության է ենթարկվել՝ հաղորդում է Associated Press: Հակաօդային պաշտպանության համակարգերը չորս հրթիռային արկ են խոցել Բաղդադի երկնքում։ Հաղորդվում է, որ հրթիռներն ուղարկվել են Իրաքի մայրաքաղաքի արևմտյան շրջանից: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Վերջին մի քանի օրվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է։