Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` ժամանակ և հնարավորություն տալով հանրությանը և տնտեսվարողներին դրանց պատրաստվելու: ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել:
Այսպիսով` 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հետևյալ դրույթները.
ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների:
ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը:
Վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների աչքի ընկնող ցուցադրությունը գրավում է երիտասարդներին, և նրանք հայտնվում են այդ արտադրատեսակների գովազդի ազդեցության տակ: Այդ ցուցադրությունը դրական վերաբերմունք է ձևավորում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների նկատմամբ:
Ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երեխաների համար նախատեսված ապրանքների կողքը, երեխաների տեսադաշտի մակարդակին` տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքը անվնաս առօրյա առարկա է:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է ծխախոտի գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով։
Նշենք նաև, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնելու հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման արգելքը:
Միաժամանակ, օրենքով սահմանված այս դրույթների կիրարկումը հնարավորություն է ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, թոքերի քրոնիկ հիվանդությունները, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է COVID-19) նշված հիվանդություններով ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը:
Ուստի, օրենքի դրույթները կյանքի կոչելը խիստ կարևոր և արդիական է: