Եկեղեցիներում երեկոյան մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելով բարի լուրը՝ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Սուրբ Ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: «Ճրագալույց» նշանակում է «ճրագները վառել՝ լուցանել»: Պատարագի ընթացքում հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները: Պատարագի ավարտին մարդիկ եկեղեցում վառած ճրագները տանում են իրենց տները՝ այսկերպ տարածելով Աստծո լույսն ու օրհնությունը:
Տեր Զենոն քահանա Բարսեղյան (Արարատյան Հայրապետական թեմի կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ) - Այսօրվա խորհուրդը Քրիստոսի Ծննդյան խորհուրդն է, երբ Աստվածային սերը երևում է երկրի վրա: Հովհաննու Ավետարանի 3-րդ գլխի 16-րդ համարում այսպիսի խոսքեր կան. «Աստված այնքան սիրեց, որ իր Միածինը տվեց, ով որ հավատա նրան, հավիտենական կյանք ունի»: Մենք մեկս մյուսիս Քրիստոսի Ծննդյան ավետիսն ենք փոխանցում՝ ասելով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ», և պատասխանում ենք՝ «Մեզ և ձեզ մեծ ավետիս: Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:
Քրիստոսի ծննդյամբ մենք պիտի կարողանանք վերափոխվել, թույլ պիտի տանք, որպեսզի Մանուկ Հիսուս մեր հոգուց ներս ծնվի, որպեսզի մեզանից հեռու վանվեն ատելությունը, թշնամանքը, և մենք կարողանանք Քրիստոսի սիրո մեջ լինելով՝ ներողամիտ լինել: