Մանրադիտակի տակ կաթնասունների վիրուսային կամ բակտերիալ հիվանդությունների հարուցիչներ են: Դրանց միջոցով մայր բուհում հետազոտում են չղջիկներին, կրծողներին, խոշորներից էլ՝ արջին:
Աստղիկ Ղազարյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ) - Նրանք կարող են կրել որոշակի հիվանդություններ որոնք ուղղակի կամ անուղղակի կապով կարող են գալ ու հասնել մարդուն:
Հիվանդությունների տարածման առումով առավել վտանգավոր են հատկապես կրծողները. հանդիպում են դաշտերում, մտնում գյուղի տներ, մառաններ:
Տիգրան Հայրապետյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դասախոս, կենդանաբան) - Ցորենի արտերում եթե հիվանդոտ կենդանիների պոպոուլյացիա է բնակվում, հավաք է արվում, հնարավոր է՝ հավաքված ցորենի մեջ հիվանդությունը մնա:
Հետազոտությունները սկսել են պետության ֆինանսավորմամբ, գիտական խմբերի մեկնարկի ու լաբորատորիաների ամրապնդման ծրագրով: Նախ՝ գարնանը նորից կվերսկսեն դաշտային աշխատանքները, կհաջորդի լաբորատոր ուսումնասիրությունը, ընդհուպ՝ մոլեկուլային մեթոդով: Ծրագրի շրջանակում հարևան սենյակում մի նոր լաբորատորիա կստեղծեն, ժամանակակից սարքավորումներ ձեռք կբերեն:
Աստղիկ Ղազարյան - Ունենք կաթնասունների ընդհանուր տեղեկություն, նրանց բազան՝ տվյալների, կունենանք որոշակի հիվանդությունների բազա: Դրանք համադրելով՝ կկատարվեն քարտեզագրումներ, թվային քարտեզներ կարվեն, որոնց միջոցով կկարողանանք առանձնացնել թիրախային կետերը: Հետագայում կկատարվեն կանխարգելիչ միջոցառումներ:
Սա շատ կարևոր քայլ է, որ կարողանանք լրացնել գիտական բաց մասերը, որը ունենք: Գիտությունում հետազոտություններ կատարվում են, բայց ունենք մի շարք բացեր, որ պետք է լրացնել: Կունենանք հիվանդությունների ցանկ, որոշների մասին գիտենք, որոշների մասին տեղեկություն չունենք: Համադրելով՝ կստեղծենք քարտեզներ, որտեղ հետագայում կկարողանանք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվելու են առողջապահության և շրջակա միջավայրի նախարարություններ, կգործակցեն նաև հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Ուսումնասիրությունը կարևոր է, քանի որ կաթնասունները երբեմն նաև մարդկանց մահվան պատճառ են դառնում:
Տիգրան Հայրապետյան - Վերջին դեպքը, որ հիշում են, գայլը կծել էր երեխաներին, հիվանդ էր եղել կատաղության վիրուսով, չէին իմացել, չէին պատվաստել, երեխաները մահացան:
Ծրագիրը 3 տարի է տևելու, այդ ընթացքում մայր բուհի մասնագետները կգործակցեն ամերիկյան կազմակերպություններից մեկի գիտական խորհրդատուի հետ, որը տարիներ շարունակ կաթնասունների ուսումնասիրմամբ է զբաղվում: