Տոնական օրերին մարզերում ճանապարհատրանսպորտային պատահարները նախորդ տարիների համեմատ ավելի քիչ են եղել: Նվազել է նաև մահվան ելքով վթարների թիվը:
Արամ Ադիբեկյան, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ - Նույն ժամանակահատվածում մեր մարզերում ունեցել ենք 30 ճանապարհատրանսպորտային պատահար, ցավոք՝ երեքը մահվան ելքով, բայց նախորդ տարվա հետ համեմատ՝ 13 տրանսպորտային միջոցների դեպքով ունեցել ենք նվազում և 6 մահվան ելքով նվազում ենք ունեցել:
Հունվարի 1-ից մինչ օրս մարզերում հայտնաբերվել է 741 վարչական իրավախախտում, վարորդներից 7-ը զրկվել են վարորդական իրավունքից:
Արամ Ադիբեկյան - 58 տրանսպորտային միջոցի վարորդներ եղել են ոչ սթափ վիճակում, կազմվել է 9 արձանագրություն ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, 8 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ նախապատրաստվել է նյութեր և ուղարկվել քննչական մարմիններ:
Ինչ վերաբերում է Երևանում տոնական օրերին տեղի ունեցած խախտումներին, դրանք նախորդ տարիների հետ համեմատել հնարավոր չէ: Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանների գործառույթները 2021-ի հուլիսից Երևանում իրականացնում են պարեկները, որոնց գործառույթներն ավելի ընդգրկուն են և դժվար է համեմատություն անցկացնել: Ոստիկանապետի ցուցումով՝ ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում մեկնարկել է դեկտեմբերից:
Անդրանիկ Իսախանյան, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ - Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին տարբեր իրավախախտումներ կատարելու համար մոտ 700 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ունենք ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարած անձինք, ունենք առանց վարելու իրավունքի տրանսպորտային միջոցներ վարած անձինք, ունենք տարբեր հանցագործությունների կասկածանքով ոստիկանության բաժիններ տեղափոխված, բերման ենթարկված անձինք:
Ոչ սթափ վիճակում գտնվող 53 վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն: Տոնական օրերին մայրաքաղաքում վթարներ թեև եղել են, բայց ոչ մահվան ելքով:
Անդրանիկ Իսախանյան - Ունեցել ենք վարորդներ, որոնց մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է սահմանված չափը, որի համար, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, վարորդի նկատմամբ կիրառել ենք վարելու իրավունքից զրկում տույժի տեսակը:
Քիչ չեն եղել նաև ԱՊՊԱ պայմանագիր չունենալու, մայթերին կայանելու, հասարակական կարգը խախտելու դեպքերը: Իսկ հատուկ պահպանվող տարածք տեղափոխվել է 47 տրանսպորտային միջոց:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան