Ալմաթիի քաղաքային ակիմատի (վարչակազմի) շենքում հրդեհ է բռնկվել, երբ ցուցարարները ներխուժել են տարածք, ամբողջ շենքը ծխի մեջ է` հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարներին հաջողվել է ներխուժել Ալմաթիի ակիմատի շենք, լսվել են կրակոցներ։
Երևանի ժամանակով 15.:00-ի դրությամբ Ալմաթիի քաղաքապետարանի շենքի գրոհը շարունակվել է, շենքի մուտքի մոտ հազարից ավելի մարդ է հավաքվել, լսվել են «Ալգա, Ղազախստան» (Առաջ, Ղազախստան) բացականչություններ։
Դեպքի վայրից տեղեկացրել են, որ Ալմաթիում ցուցարարները դռներից ներխուժել են ակիմատի շենք, կոտրել են պատուհանները, դատելով ձայներից՝ նաև սարքավորումները։ Ցուցարարների գրոհը զսպող ոստիկանները փորձել են փախչել, ցուցարարները նրանց ծեծել են։
Ալմաթիում շարունակվող բողոքի ակցիաների հետևանքով վնասվել է շուրջ 300 ձեռնարկության շենք, այդ թվում՝ 120 խանութ, ավելի քան 100 գրասենյակ և սննդի 80 օբյեկտ։
Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում, Մանգիստաու և Ալմաթի շրջաններում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն և պարետային ժամ է սահմանել, որը գործելու է ժամը 23:00-ից մինչև 07:00-ն: