Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկ օրվա ընթացքում ժողովրդին ուղղված իր երկրորդ ուղերձում հայտարարել է, որ այսօրվանից կդառնա հանրապետության Անվտանգության խորհրդի ղեկավարը։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ գրում է РИА Новости-ն։ Հայտարարությունն արվել է ամբողջ երկրում ծավալվող անկարգությունների ֆոնին։
Տոկաևը մատնանշել է, որ հակամարտության ժամանակ զոհվել և վիրավորվել են իրավապահներ, ուստի իշխանությունները այսուհետ հնարավորինս կոշտ կգործեն օրինախախտների նկատմամբ։
«Ավազակային տարրերից կազմված խմբերը ծեծում են զինծառայողներին, ծաղրում նրանց, մերկացնում փողոցում, բռնության են ենթարկում կանանց, թալանում են խանութները: Իրավիճակը սպառնում է Ալմաթիի բոլոր բնակիչների անվտանգությանը»,- ասել է նախագահը:
Տոկաևն ուշադրություն է հրավիրել խուլիգանական տարրերի կազմակերպվածության բարձր մակարդակի վրա, ինչը, նրա կարծիքով, վկայում է, որ «ֆինանսապես մոտիվացված դավադիրների գործողությունները նախապես մանրակրկիտ ծրագրված են եղել»։