Մեր երկրում սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով պայմանավորված հիվանդացությունը թեև 2021-ի վերջին շաբաթվա համեմատ նվազել է, բայց գնահատվում է ոչ այնքան կայուն:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Գնահատում ենք ոչ այդքան կայուն՝ հաշվի առնելով, որ մենք ունենք բարձր շեմ 2 անգամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1.8 անգամ:
Հիվանդացության բարձր ակտիվություն է դիտվում Արարատի և Տավուշի մարզերում, իսկ մյուս մարզերում և Երևանում՝ միջին:
Ռոմելլա Աբովյան - 2020-ը կորոնավիրուսի առաջին տարին էր, և շատ ավելի խիստ էին պահպանվում անվտանգության կանոնները, ինչի արդյունքում մենք 2020-ին շրջանառվող գրիպի հարուցիչ չենք ունեցել, իսկ այս տարի մենք ունենք վերջին 5 շաբաթվա ընթացքում հայտնաբերված 131 գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակը:
Հայաստանում վաղուց է ներդրվել սուր շնչառական հիվանդություների և գրիպի համաճարակաբանական հսկողության համակարգ, որի շնորհիվ յուրաքանչյուր սեզոնին բացահայտվում են շրջանառվող հարուցիչները:
Սերգեյ Սարգսյան (ՀՀ առողջապահության նախարարության մանկբուժության գծով խորհադտու) - Այս գրիպը, որը շրջանառվում է, H3N2 տեսակն է կամ հոնկոնգյան գրիպը, ի սկզբանե՝ 1968 թվականից, շատ է «սիրում» 0-5 տարեկան երեխաներին:
Հայաստանում հունվարի 4-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություն է դիմել 1423 պացիենտ, որից 697-ը՝ 0-18 տարեկան, շտապ օգնության դիմել է 211 քաղաքացի, 63-ը՝ 0-18 տարեկան: Հոսպիտալացված է 592 պացիենտ, որից 94 տոկոսը երեխաներ են: 13 պացիենտ հոսպիտալացված է վերակենդանացման բաժանմունքում:
Ռոմելլա Աբովյան - Մեծ մասը 0-5 տարեկաններն են, որոնք շատ ծանր են տանում հիվանդությունը:
Իհարկե, սրանք մեր երկրում արձանագրված ամենաբարձր ցուցանիշները չեն, նշում է մանկաբույժ Սարգսյանը, բայց դիմելիությունը բարձր է:
Սերգեյ Սարգսյան - Դիտվում է բարձր տենդ մի քանի օր, դիտվում է ականջի բորբոքում. ոչ այնքան հազվադեպ հանդիպող բարդություն է, կան թոքաբորբի դեպքեր, և ինչպես մնացած բոլոր շնչառական վարակների դեպքում է, վարակը ախտահարում է այլ խնդիրներից առավել տուժած երեխաներին:
Կորոնավիրուսը ևս սուր շնչառական վարակների դասին է պատկանում, ախտանշանները նման են, և մտավախություն կա, որ մարդիկ կարող են քովիդը շփոթել Ա տեսակի գրիպի հետ:
Ռոմելլա Աբովյան - շատ դեպքերում պացիենտները մնում են տանը, զբաղվում են ինքնաբուժմամբ, ինչը բարդացնում է հիվանդության կլինիկական ընթացքը, և դա է պատճառը, որ շատ դեպքերում և՛ քովիդի, և՛ գրիպի ախտանշաններով պացիենտները ծանր վիճակում են ընդունվում ԲԿ:
Մեծ ռիսկ է նաև այն, որ տան պայմաններում օգտագործում են հակամանրէային դեղորայք, հիմնականում՝ անտիբիոտիկներ, ինչն ուղղակի ցուցված չէ վիրուսային հիվանդությունների համար և էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Որպեսզի կանխարգելենք հիվանդությունն ու շատ ավելի թեթև տանենք, Աբովյանը հիշեցնում ու հորդորում է՝ բոլոր պոլիկլինիկական կազմակերպություններն ապահովված են գրիպի պատվաստանյութով, պատվաստվեք թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի դեմ: