ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի 34-ամյա բնակչի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, 2020թ. մարտի 15-ից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Իդրամ» էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև քառասուն անձի անվամբ լրացված, ակնհայտ կեղծ անձնագրեր ու նույնականացման քարտեր օգտագործելու միջոցով, նշված հաշվառման հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիումպլյուս» կարգավիճակ: Այդ հաշիվներով, վերջինս նշված անձանց անվամբ բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 վարկային պայմանագիր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 25.390.000 ՀՀ դրամ գումար, որը փոխանցել է երեք տարբեր բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին:
Բացի այդ, տղամարդը, ապօրինի կերպով հասանելիություն ստանալով տարբեր քաղաքացիների անձնական տվյալներին, հեռախոսահամարներին, մուտք է գործել բանկի, վարկային կազմակերպության առցանց հարթակներ, վերջիններիս անվամբ կնքել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել պայմանագրով հաստատված ու քաղաքացիների հաշիվներին մուտքագրված՝ խոշոր չափերով՝ 1.000.000-ական ՀՀ դրամ գումարներ, որոնք փոխանցել է բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին և իր բանկային քարտին:
Քննությամբ պարզվել է նաև, որ 34-ամյա տղամարդը 2020թ. հուլիսին, ինչպես նաև 2021թ. հունվարի 4-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, «ok.ru» և «facebook.com» սոցիալական կայքերում ստեղծած տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով նամակագրություն է վարել նշված սոցիալական կայքերում գրանցված տարբեր անձանց հետ: Այնուհետև Covid-19 համաճարակի օգնության ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրելու և այլ պատրվակներով, վերջիններից ստացել է նրանց անձնական տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին ստացված ծածկագրերը, նրանց անվամբ բանկում և վարկային կազմակերպությունում առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել պայմանագրերով հաստատված ու իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված, զգալի չափերով՝ 150.000 ՀՀ դրամ գումար, առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 13.500.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև դրամապանակներից մեկին կցված բանկային քարտից հափշտակել է 99.990 ՀՀ դրամ գումար, որոնք փոխանցել է բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (32 դրվագ):Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է քրեական գործից, նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ, բջջային հեռախոսահամարներ, ինչպես նաև հեռախոսահամարներին տարբեր ընկերություններից ստացված միանգամյա ծածկագրեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: